Սահմանադրական դատարանը որոշել է հետաձգել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ ընդդիմադիր պատգամավորների դիմումի հիման վրա քննարկվելիք հարցերից մեկը: Որպես հիմնավորում նշվել է «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունը»: Խոսքը ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի ընտրության ահմանադրականության հարցի մասին է: Այն ավելի ճիշտ կլիներ անվանել ոչ թե սահմանադրականության, այլ օրինականության հարց: Որովհետև օրենսդրական առումով ամեն ինչ հստակ է. ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ և համարյա անմիջապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար ընտրված (իրականում՝ նշանակված) Գագիկ Ջհանգիրյանի տարիքը չպետք է բարձր լիներ 65-ից: Այս պահանջը ձևակերպված է ածանցված տարբերակով՝ կապված է դատավորի պաշտոն զբաղեցնելու սահմանափակման հետ: 

Որքան գիտեմ, ԲԴԽ-ն այն կառույցը չէ, որտեղ  իրավաբանության գծով գիտնականները զբաղվում են զուտ գիտական աշխատանքով, որպեսզին տարիքի սահմանափակման խնդիր չունենան: Եթե նույնիսկ պարոնն իրականույմ գիտնական լիներ: Համենայն դեպս, նման իմպերատիվ պահանջ դրված չէ այդ անձանց առջև: Կցանկանան՝ կզբաղվեն, բայց դրա համար չէ, որ իրենք վարձատրություն են ստանում ԲԴԽ-ում: Նրանք վարձատրություն են ստանում որպես ԲԴԽ անդամներ, որոնք կոչված են ապահովել եռաստիճան դատական համակարգի դատավորների անկախությունը պետության գործադիր և ներկայացուցչական կառույցներից: Կամ որպես դատավոր հանդես գալով նույն այդ դատավորների առումով: Ինչ մնում է հետաձգելուն՝ ապա դա ձեռառնոցի է՝ ի՞նչը պետք է լրացուցիչ հետազոտվի՝ օրենքի հստակ արտահայտված պահանջը, թե ԲԴԽ նախագահի պաշտոնակատար նշանակված անձի տարիքը: Զարմանալի է, որ դիմումն ընդհարապես վարույթ է ընդունվել. կարող էին մերժման ձևակերպում էլ հնարել: 

Երբ օրենքի հստակ պահանջը անցյալ տարի ներկայացվում էր իշխանությանը՝ ոմանք հիշեցին, որ նախկինների օրոք Գագիկ Հարությունյանը ևս ԲԴԽ անդամ էր ընտրվել՝ լինելով 65 տարեկանից բարձր: Ես իրավաբան չեմ, որպեսզի նախաձեռնության հեղինակի նման հիմնավորեմ, որ ԲԴԽ-ի առաջին կազմի ձևավորման առումով առկա էր անցումային դրույթ: Իսկ այն վերաբերում էր հենց Գագիկ Հարությունյանին: Ես հրապարակախոս եմ ու որպես այդպիսին գործող իշխանությանը և անձամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հարց ունեմ տալու.իսկ մենք նախկիններին մերժեցինք, որպեսզի կրկնենք նրանց վարքագիծը, այո՞: Եվ եթե այո, ապա ավելի լավ չէ՞ր լինի, եթե իշխանության մնար «մերժված» Սերժը: Հատկապես որ ինքը մեկ անգամ էր խոսք տվել ու դրժել այն: Իսկ քեզ իշխանության բերելուց հետո հասկացանք՝ թե իսկականից ինչ է նշանակում խոսք դրժելը: Ու անընդհատ: Դա բավարար չէր, նաև դաժան ու խայտառակ պարտություն կրեցինք քո «գերագույն գլխավոր» հրամանատարությամբ: Իսկ եթե Սերժ չմերժեինք, ապա հաստատ Արցախի կորուստ չէինք ունենա: Եվ բազմահազար երիտասարդներն էլ (համարյա պատանի) կշարունակեին ուրախություն ու տխրություն ունենալ իրենց կյանքում: Եվ կանեին հայրություն, նաև սիրելի զավակ ու եղբայր կլինեին իրենց կյանքում:

Բայց մենք Սերժ մերժեցինք և քեզ վարչապետ կարգեցինք, որպեսզի երկրում վերացվեին անօրինականության երևույթները: Որպեսզի մարդիկ իրենց հարգված ու պաշտպանված զգային իրենց հայրենիքում, որպեսզի... Իսկ դու եկար այդ ամենը կյանքի կոչելու խոստումով, ու նույնիսկ բոլորին կեղծ վարչապետ «կարգեցիր», կեղծորեն խոնարհվեցիր ու կեղծ սիրո խոստովանություն արեցիր: Քեզ չընդունողներին էլ վանեցիր ու սկսեցիր բանտերը գցել՝ չնայած քեզ փրկչի տեղն էիր դրել: Փրկիչ, որ իբրև թե ազատել է մեր ժողովրդին նախկիններից: Իրականում դու գործեցիր որպես ամենամեծ մերժվածը, որ չարիք է դարձել մեր ժողովրդի ու պետության գլխին: Ու այսօր որքան գրագետ մարդ կա, որ հասկանում է՝ թե ինչ է հայրենիքը, ցանկանում է քո հեռանալը իշխանությունից և երկրից ընդհանրապես: Էլ չեմ խոսում քեզ դատապարտելու ցանկության մասին: Որովհետև քեզ բերելով չստացանաք ո՛չ օրինականություն և ո՛չ էլ մարդիկ իրենց ավելի հարգված ու պաշտպանված զգացին: Տեղի ունեցավ ճիշտ դրա հակառակը:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն