Վահան Քերոբյանը, Իլոն Մասկն ու Հ1-ի լուրերը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ մեզ համոզում էր, որ ամեն ինչ հրաշալի է, ուղղակի մենք՝ «տրադիցիոն մեդիաներս» ենք ամեն ինչ վատ ներկայացնում։ Իսկ մենք ընդամենը փորձում էինք ճռճռան հայտարարությունների եւ ԱՎԾ-ի հրապարակած տնտեսական ցուցանիշների միջեւ կապ գտնել, դրանք սինխրոնիզացնել ու մի դրական բան հայտնաբերել, որն իրենց մաշկի վրա կզգան նաեւ Հ1 դիտող, բայց իրական կյանքով ապրող քաղաքացիները։
Իսկ ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով՝ 2021 թ․ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.8 տոկոս, մինչդեռ 2020 թ․ տնտեսական անկում ենք գրանցել՝ 7.5 տոկոս, ինչը նշանակում է, որ 2021 թվականը փակել են դեֆիցիտով՝ չեն կարողացել լրացնել բացը։
Վահան Քերոբյանը դժվարացավ ասել՝ ՀՆԱ-ի իրական աճն ինչպիսին է արձանագրվելու 2021-ին, առաջարկեց սպասել ԱՎԾ-ի տվյալներին, բայց նկատեց, որ այն մոտ կլինի ՏԱՑ-ի 5.8 տոկոս ցուցանիշին։ Իսկ ՀՆԱ-ի անվանական աճը, ըստ Քերոբյանի, պետք է լինի 7 տրիլիոն դրամի սահմաններում՝ մի փոքր ավելի քիչ, քան 2019 թ․ ցուցանիշը։
- Բայց 2020 թվականի 7.5 տոկոս անկումը, ինչպես հասկացանք, չի լրացվել։
- Դե, տեսեք, անվանական առումով լրացվել է, որովհետեւ 2019 թվականի ՀՆԱ-ի թիվը եղել է, կարծեմ, 6.5 տրիլիոնի կարգի, այսինքն՝ մենք հաստատ կգերազանցենք 2019 թվականի անվանական ՀՆԱ-ի թիվը։ Բայց իրական գների առումով չենք վերականգնել։
- Բայց այդ անվանական աճը ձեւավորվել է մեծ մասամբ գնաճի հաշվին, ոչ թե շրջանառության ծավալների ավելացման։
- Բնականաբար, գնաճը կապ ունի, բայց ես չեմ կիսում, որ դա մեծ հաշվով գնաճի հետեւանքով առաջացած աճ է։ Եվ դրա վկայությունն իմ հնչեցրած ներդրումների վերաբերյալ թվերն էին, որով երեւում է, որ մենք 9 ամիսների տվյալներով ունեինք ներդրումների առումով ավելի լավ իրավիճակ, քան 2020 թվականի եւ 2019 թվականին էր։
- Իսկ այդ ներդրումներն ինչպիսի՞ մուլտիպլիկատիվ էֆեկտ են ապահովել, Դուք դրա վերլուծությունն ունե՞ք։
- Մենք տարեկան թվերի հրապարակումից հետո նաեւ հանդես կգանք վերլուծություններով, այս պահին չեմ կարող թվեր հնչեցնել էս առումով։
- Դուք անընդհատ խոսում եք ե՛ւ ներդրումների մեծ հոսքի մասին, ե՛ւ ասում եք, որ, չնայած գնաճին, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, բայց քաղաքացիները դժգոհում են գնաճից, աշխատատեղերի պակասից, իսկ կառավարության նիստին այնպիսի ճոխ ցուցանիշներից են խոսում, որ մեզ թվում է՝ իսկապես լավ երկրում ենք ապրում, մինչդեռ իրական պատկերը լրիվ այլ է։
- Իրական պատկերը եթե Դուք համարում եք այն պատկերը, որը ԶԼՄ-ներն են ստեղծում, ապա դա ոչ մի կապ չունի իրականության հետ։
- Ո՞ր ԶԼՄ-ները՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր։
- Իլոն Մասկի վերջին թվիթերից մեկը տեսե՞լ եք։
- Չէ։
- Դե, լավ չի, որ չեք տեսել։
- Իլոն Մասկի վերջին մեքենաներից մեկն եմ տեսել։
- Դե, շնորհավորում եմ Ձեզ։ Իլոն Մասկի վերջին թվիթերից մեկը հնչում էր էսպես․ «Ինչո՞ւ է տրադիցիոն մեդիան այսպես առանց հոգնելու ատելություն տարածող»։ Եվ կարծում եմ, որ, բնականաբար, պետք է ԶԼՄ-ները նույնպես ջանքեր գործադրեն, որպեսզի թե՛ ատելության խոսքը քչացնեն, թե՛ նաեւ իրականության հետ ավելի մեծ կապ ունեցող տեղեկատվություն մատուցեն։
- Պարո՛ն Քերոբյան, երեւի մոռացել եք` հիշեցնեմ, որ նախկինների օրոք տարիներ շարունակ քննադատվում էր, որ մարդկանց ներշնչում են, թե ապրում եք Հ1-ի «Հայլուրի» Հայաստանում։ Հիմա ձեր օրոք էլ Հ1-ի լուրերը որ նայում ենք՝ ամեն ինչ հրաշալի է, բայց եթե Դուք մարդկանց հետ շփվեք, մետրո նստեք, փողոցում հասարակ քաղաքացիների հետ զրուցեք, կհասկանաք, որ ամեն ինչ այդքան հրաշալի չէ, որքան թվում է կառավարության նիստերի ժամանակ եւ Հ1 դիտելիս։
- Ես շատ հաճախ մետրոյով գնում եմ, իսկ ոտքով քայլելը՝ ամեն օր բավականին երկար տարածություններ քայլում եմ։
- Իսկ քաղաքացիների աչքերում ի՞նչ եք զգում, երբ հանդիպում եք նրանց։
- Հարցեր են տալիս, շփվում են, շնորհակալություն են շատ հաճախ հայտնում։
Hraparak.am