Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված) Բորիս Բախշիյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ:

Այս մասին Facebook-ի էջում գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Նկատի ունենալով ՀՀ դատախազության և բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաև դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից մի քանի օր առաջ ձևավորված իրավական նորագույն պրակտիկան և հստակ հիմնավորելով, որ դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կարգով երկու ամիս ժամանակով կալանավորել է դատավոր Բորիս Բախշիյանին՝ քիչ առաջ, մինչև կալանավորման որոշումը վերաքննության կարգով բողոքարկելը, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավոր Դավիթ Արղամանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարու­ցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:

Հուսով եմ, որ դատախազությունն ու ԲԴԽ-ն Դավիթ Արղամանյանի գործով ևս անվերապահորեն կհետևեն իրենց կողմից ձևավորած իրավական պրակտիկային և չեն անհանգստանա այդ քրեական գործի ընթացքում Դավիթ Արղամանյանի կողմից տրվող անկանխատեսելի ցուցմունքներից»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է:

Ըստ մեղադրանքի՝ դատավոր Բախշիյանն ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն