Զոմբին պոզով-պոչո՞վ է լինում
Օրերս, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում հրաժարվել են ուսանողուհուն գիրք տալ՝ QR կոդ չունենալու պատճառով: Ուսանողուհին՝ Գայանեն, ընդունում է, որ մերժումն արդարացված էր, քանի որ իրականում ոչ QR կոդ է ունեցել, ոչ՝ թեստի բացասական պատասխան, բայց նրան զարմացրել է գրադարանի աշխատակիցների տարօրինակ վարքագիծը:
«Երբ ներս մտա՝ որևէ մեկն ինձանից QR կոդ կամ թեստի բացասական պատասխան չպահանջեց: Նույնիսկ ջերմաչափում չանցա: Շատ հանգիստ անցա միջանցքներով, այդ ընթացքում կանգնեցի-զրուցեցի աշխատակիցներից մեկի հետ, որին վաղուց ճանաչում եմ, մոտեցա գրադարանի այն հատվածին, որտեղից պետք է գիրք վերցնեմ: Հանձնեցի մոտիս ունեցածը, որ նորը ստանամ, մեկ էլ՝աշխատակցուհին հիշեց, որ պետք է QR կոդի մասին հարցնի: Ասացի՝ չունեմ. ոչ դա, ոչ էլ՝ մյուսը: Ինքն այդ ընթացքում ընդունում էր այն գիրքը, որը բերել էի հանձնելու՝ նորը ստանալու համար: Գիրքն ընդունեց-վերջացրեց ու շատ անսպասելի ասաց, որ նորը տալ չի կարող, քանի որ կոդ կամ թեստ չունեմ»:
Խնդրել կամ համոզել, որ ուզած գիրքը տան՝ Գայանեն չի փորձել, բայց աշխատակցուհուն բացատրել է, որ չի կարելի կիսահղի լինել. կամ ներս չթողեիք, կամ, եթե թողել եք՝ բարի եղեք՝ սպասարկել:
«Ասում եմ՝ շատ ծիծաղելի եք. փնթի ու կիսատ-պռատ եք կատարում ձեր վերադասի հանձնարարականը: Եթե չէիք սպասարկելու, ինչո՞ւ ներս թողեցիք, ինչո՞ւ մուտքի մոտից հետ չուղարկեցիք, ավելին, թույլ տվեցիք՝ հասնեմ մինչև ձեզ, ձեռքինս հանձնեմ, դուք էլ՝ իմանալով, որ կոդ ու թեստի պատասխան չունեմ՝ ընդունեք: Բա չեք վախենո՞ւմ, որ հանձնածս գիքի հետ կարող եմ վիրուս փոխանցել»,-հեգնել է ուսանողուհին:
Աշխատակցուհին փորձել է արդարանալ, թե՝ իրենց էլ վերևից են պարտադրում, նույնիսկ ափսոսանք է հայտնել, որ հազարից մեկ ընթերցող է եկել, որին ստիպված են մերժել: «Այդուհանդերձ, մերժեցին: Մարկեսի «Նահապետի աշունն» էի ուզում` չտվեցին, ոչինչ, գրախանութ կգնամ, կգնեմ, իմը կունենամ...»:
Գայանեի պատկերացմամբ՝ զոմբին հասարակության ամենակառավարվող մասսան է, որը զրկված է ինքնուրույն մտածելու, գործելու, անգամ՝ խոսելու հնարավորությունից: Նա շարժվում է հրահանգներով, ցուցումներով, երբեմն էլ՝ հատուկ նշանների գործադրմամբ:
«Ես չէի պատկերացնում, որ մտավորականը կարող է այդքան կառավարելի լինել, գրքի հետ առնչվելով՝ այդքան թույլ ու կամազուրկ լինել: Ես մի բան հասկացա. Եթե իրենց հրահանգ իջեցվեր՝ ներս չթողել QR կոդ կամ թեստի բացասական պատասխան չունեցողին, իրենք, հենց մուտքից հետ կուղարկեին: Բայց, քանի որ ասվել է՝ գիրք չտաք՝ բառացի են ընկալել: Բա զոմբին պոզով-պոչով է՞ լինում...»:
Hraparak.am