Ավանդազրույցի համաձայն՝ Սարգիս զորավարն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Նահատակների մարմինները ամփոփվում են Դաշտային Կիլիկիայի Համիան քաղաքում, որտեղից էլ հետագայում Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխել է Հայաստան, Կարբի գավառ։ Սուրբ Սարգսի տոնը Հայ առաքելական եկեղեցու շարժական տոներից է, այս տարի տոնը նշում ենք փետրվարի 12-ին։

Հանրապետության բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ սուրբ Սարգսի աջը բերվել է Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի։ Ինչպես բոլոր սրբերի մասունքների պարագայում, այս դեպքում էլ, սուրբ աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգություն։ «Ռադիոլուր»-ը զրուցել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ․

«Սուրբ Սարգիսը զորավարին Կոստանդիանոսը Մեծը կարգում է զորավար ամբողջ Կապադովկիայի վրա։ Սուրբ Սարգիս զորավարի ուժը այսօր մեր բանակում է, և օրվա խորհուրդը։ Նրա զորությունը, բարեխոսությունը հենց զինվորների վրա տարածելու մեջ է»,-ասում է Տեր Շահե քահանա Հայրապետյանը։

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր կատարվեց զինվորների օրհնության կարգ։ Տղաները սահմանապահ դիրքերից եկել էին մասնակցելու Սուրբ պատարագին և օրհնություն ստանալու։ Զինված ուժերի գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության գաղափարաիրավական և տեղեկատվական աշխատանքների բաժնի պետ,  գնդապետ Հենրիկ Մուրադյանը զինվորների հետ եկեղեցու բակում էր․ սպասում էին օրվա կարևոր արարողությանը․

«Բանակ-եկեղեցի կապը միշտ է եղել։ Հիշենք Սարդարապատի հերոսամարտը և, առհասարակ, արցախյան բոլոր պատերազմների ժամանակ այս անբաժանելի կապը մենք գիտակցել ենք։ Այսօրվա օրհնության կարգն էլ խորհրդանշում է, որ մեր զինվորները պատրաստ են զենքը ձեռքին պայքարել մինչև վերջ՝ հանուն հավատքի, հանուն հայրենիքի»,-ասում է գնդապետը։



  Եկեղեցու բակում հավաքված զինվորների տրամադրությունը բարձր է, շատերը եկել էին ընտանիքի անդամների հետ։ 19-ամյա ժամկետային զինծառայող Մկրտիչ Ադամյանը Ապարանից է, հիմա ծառայում է Ստեփանակերտում։ Ասում է՝ սուրբ Սարգսի տոնն իր սրտին շատ մոտ է․

«Մեզ հնարավորություն է ընձեռնվել մեր մայրերին, հայերերին, քույրերին ու սիրելիներին տեսնելու։ Այսօրվա օրհնության կարգից հետո 10 օր խրախուսական արձակուրդ ենք ստացել, ինչի առիթով տրամադրությունս շատ բարձր է»,-ասում է ժամկետային զինծառայողը։

20 զինծառայող, տոնական օրվա առիթով ստացել են խրախուսական 10-օրյա արձակուրդ։ Գնդապետ Մուրադյանն է մանրամասնում․

«Հանգամանքների բերումով մեր ընտրության հնարավորությունը սահմանափակ է։ Փորձել ենք ընտրել 20 լավագույն զինծառայողներին,  սկզբունքորեն՝ յուրաքանչյուր զորամասից 1 զինվոր, որոնք սահմանին են ծառայություն տանում։ Սա, իհարկե, մեծագույն պատիվ է, որովհետև, փաստորեն, տղաներն իրենց օրինակելի ծառայությամբ հնարավորություն են ստացել 10 օր ընտանիքի կողքին լինելու»,-ասում է գնդապետ Մուրադյանը։

Տեր Շահե քահանա Հայրապետյանն պատմում է․ սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, եղել են նաև ժողովրդական ավանդույթներ, որոնցից գոնե մեկը շարունակվում է մինչև այսօր։  Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում՝ ակնկալելով երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև գիշերը տան տանիքին կամ պատշգամբում ամանով փոխինդ կամ ալյուր դնել։ Եթե առավոտյան դրանց վրա երևար զորավարի ձիու պայտի հետքը, ըստ ավանդույթի, այդ տանը ու հատկապես նրա երիտասարդ անդամներին պսակ կամ հաջողություն էր սպասվում։



hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն