Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հերթական հարց ու պատասխանի ժամին ուսապարկերից մեկի փոխանցումով («պասով») ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն անդրադարձավ ՀՀ քաղաքացիների՝ տուգանքի մատերիալ լինելու երևույթին: Այդ երկխոսությունից այնպխիսի տպավորություն ստացա, որ աշակերտին հանձնարարվել էր իր դասատուին տալ նախօրոք պատրաստված հարցը: Եվ դասատուն էլ բոլորին ի տես այդ հարցին տվեց գերազանցիկի պատասխան: Ասվեց, որ նախկինում տուգանքի մատերիալ ասելով նկատի է ունեցել ընդամենը արագաչափերը: Իսկ գիտե՞ք, թե ինչու հենց դրանք: Որովհետև ժամանակակից փողոցային շարժումների ընթացքում արագաչափ փակելը, փչացնելը կամ ջարդելը դարձել է միջազգային թրենդ:

Այնպես որ դա հայաստանյան «նոու հաու» (նորարություն) չէ: Այդ առումով զարմանալիորեն Փաշինյան Նիկոլը ճշմարտություն է ասել: Զարմանալի է, չէ՞, որ մենք զարմանում ենք, որ Փաշինյանը ճշմարիտ բան է ասել: Չմոռանանք, որ դա այն անձն է, ում մենք շուրջ չորս տարի առաջ համարյա թե ազգովի կարգեցինք վարչապետ՝ ենթադրելով, որ ինքը Հայաստանի ազնվագույն արարածն է: Այո, ես էլ չէի ենթադրի, որ կգա ոչ գեղեցիկ մի օր, երբ ես կզարմանամ Նիկոլի՝ ճշմարիտ խոսք ասելու վրա: 

Անցնենք առաջ: Բայց, վարչապետ կարգվելուց հետո, ինչպես միշտ Նիկոլն ասում է կիսաճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ ՀՀ քաղաքացին միայն արագաչափերի առումով չի եղել տուգանքի մատերիալ: Եվ եթե այդ մեկ ուղղությունը հանվել է, ապա մնացածները շատ ավելի շատ են՝ տարատեսակ ու բազմաթիվ: Համոզվելու համար ընդամենը պետք է բացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը (ՎԻՎ օրենսգիրքը) և թերթել էջերը: Ես դա արդեն արել եմ՝ փորձելով գոնե մոտավոր պատկերացում կազմել տույժերի և տուգանքների քանակի վերաբերյալ: Բայց կարճ ժամանակ անց, հասնելով մի քանի տասնյակի, դադարեցրել եմ հաշվարկը: Մտածել եմ, թե հնարավոր չէ՞, արդյոք, «գուգլելով» ստանալ այդ հարցի պատասխանաը: Սակայն դա էլ չի օգնել: Ուղղակի մեջս ձևավորվեց այն պատկերացումը, որ  քաղաքացին հենց տուգանքի մատերիալ է, որ կա: Բայց քանի որ «մեծարգո վարչապետին» հարց տվողը սեփական ուսապարկերից էր, վերջինս արձագանքի իրավունքից չօգտվեց, որպեսզի բարձրացներ ոչ միայն «պողոսներին», այլև գրագետ և մտածող մարդկանց հուզող հարցերը: Եվ «մեծարգո վարչապետն» էլ, հարցին պատասխանելուց հետո, դաս սովորած աշակերտի նման հպարտ-հպարտ գնաց նստեց իր տեղը: 

Բայց քանի որ ՎԻՎ օրենսգիրքը չեղարկելը փողոցային շարժումների միջազգային թրենդի բաղկացուցիչ մաս չէ, ապա նրանում սահմանված բազմաթիվ տույժերն ու տուգանքները, մանկական խաղի լեզվով ասած, հաշիվ չեն: Եվ հատկապես տուգանքի մատերիալ լինելու վերջին դրսևորումը՝ սկզբում փակ, հետո բաց, հետո կրկին փակ տարածքում դիմակ չկրելու համար սահմանվածը: Իսկ ամենազավեշտալին՝ ցելոֆանե տոպրակների գծով տուգանքն է: Այն անմիջականորեն չի դիտարկվում որպես տուգանք, սակայն եթե հաշվի առնենք, որ եթե թեկուզ օրը մեկ անգամ մարդ գնա խանութ ու տոպրակի համար վճարի 50 դրամ, ապա եռամսյա կտրվածքով այն կհավասարվի տուգանքի նորմալ չափի: Այդ հարցում էլ դրսևորվեց գործող իշխանության ողջ «բարդակը»: Հարցին օրենսրական լուծում (իրականում՝ չլուծում) տալուց հետո անցած ժամանակահատվածում իշխանությունը չկարողացավ կամ չցանկացավ (կամ էլ երկուսը միասին) լուծել փոխարինող էկոլոգիապես մաքուր տոպրակների հարցը: Եվ նշանակություն չունի, որ այդ «տուգանքը» մուծվում է ոչ թե պետությանը, այլ տնտեսավարողներին: Դա հարվածում է քաղաքացու գրպանին, և նշանակություն չունի, թե ով է տանում նրա գրպանի պարունակության մի մասը, որովհետև խնդիր ստեղծողն իշխանությունն է:

Բայց ՀՀ քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ է: Նա նաև, բառիս բուն իմաստով, ասֆալտին փռվելու մատերիալ է (պատին ծեփելը, որքան տեղյակ եմ, դեռ չի փորձարկվել): Ինչն արդեն հայաստանյան «նոու հաու» է: Ենթադրում եմ, որ արևմտյան ժողովրդավարություններն են ընդօրինակել «ժողովրդավարության բաստիոնից»: Իսկ ասֆալտին փռվելուց հետո երբեմնի հպարտ (նախկինների օրոք իրականում հպարտ) ՀՀ քաղաքացին մեխանիկորեն վերածվում է տուգանքի մատերիալի: Եվ այդ դեպքում առաջին հերթին ոտնահարվում է նրա արժանապատվությունը: Երբ նրան քարշ են տալիս փողոցով՝ ասես լինի չգիտեմ ինչով լցված մեշոկ (հենց մեշոկ և ոչ թե պարկ):

Այնուհետև նա ֆինանասական կորուստ է կրում, քանի որ քարշ տալով հասցնում են մեքենային, հետո քաղմաս ու օրենքի ուժով դարձնում տուգանքի մատերիալ: Խախտվում են նաև նրա, որպես քաղաքացու, իրավունքները, երբ բռնի կերպով արգելվում է խաղաղ բնույթի բողոք արտահայտելու նրա իրավունքը: Եվ դա այն երկրում, որը, եվրաչինովնիկներից մեկի խոսքով, վերածվել է «ժողովրդավարության փայլուն աստղի»:  Այնպես որ այսօր, նիկոլական «ժողովրդավարության» չորրորդ տարում ՀՀ քաղաքացին վերածվել է և՛ տուգանքի մատերիալի, և՛ արժանապատվությունը ոտնահարելու մատերիալի, և՛ քաղաքացիական իրավունքը խախտելու մատերիալի:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն