ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրառում է արել՝ դիմելով

հայրենակիցներին, նաև կուսակիցներին:

«1988 թվականի այս օրը տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, և մեկնարկեց Արցախյան ազգային-ազատագրական շարժման վերջին փուլը։

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը դեռ շարունակվում է։ Այն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար՝ անհրաժեշտ է լինել միասնական, հայրենասեր, կիրթ, գրագետ և պարկեշտ, ունենալ խորը հավատք։

Վերոնշյալ արժեքներից յուրաքանչյուրի այլասերման պարագայում և՛ Արցախը, և՛ մեր ժողովուրդը կհայտնվի կործանման եզրին։

Բոլորս պետք է գիտակցենք այս պարզ ճշմարտությունը։ Իսկ այսօր՝ առավել, քան երբեք։

Այս հիշարժան տարեդարձի կապակցությամբ Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ արցախահայությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին:

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»-գրել է նաև:

Արցախյան ազատագրական շարժումը հասարակական-

քաղաքական շարժում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման նպատակով:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայությունը գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին (1985–91 թթ.) վերստին օրակարգ է մտցրել 1921 թ-ից սկիզբ առած Մայր հայրենիքին վերամիավորվելու հիմնախնդիրը:

1987 թ. ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից հռչակված և ԽՍՀՄ-ում քաղաքական համակարգի ազատականացմանը սկիզբ դրած «պերեստրոյկան»1 Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընկալվեց որպես անցյալի սխալներն ուղղելու հնարավորություն: Սկսվեց արցախցիների ազգային-ազատագրական շարժման ժամանակակից փուլը, որն ընթանում էր նոր՝ նախկին համակարգին ոչ բնորոշ գործընթացների ֆոնի վրա. սկիզբ առան ժողովրդական շարժումներ, իշխանությունը կուսակցական մարմիններից անցավ պատգամավորների խորհուրդներին, ուժեղացավ միութենական հանրապետությունների դերը:

1987 թ. ընթացքում ԼՂԻՄ գրեթե բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կոլխոզներում ու սովխոզներում տեղի ունեցան կոլեկտիվների ժողովներ, որոնք որոշումներ ընդունեցին Հայկական ԽՍՀ հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման անհրաժեշտության մասին: ԽՍՀՄ իշխանություններին ուղղված համանման պահանջով խնդրագիրը նույն թվականին ստորագրեց 80 հազար մարդ:

1988 թ. փետրվարի 13-ից սկսած մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրում: 1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն