Քոչարյանն ու Սարգսյանը ավերել են ազգային ավիացիան․ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտին նոր դուռ կբացի
Հայաստանի և Եվրամիության երկրների միջև կստեղծվի ընդհանուր ավիացիոն գոտի, որի մասին համաձայնագիրը կողմերը ստորագրել են 2021 թ. նոյեմբերի 15-ին Բրյուսելում։ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը նպատակ ունի ապահովել Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների ավիաշուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով, թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երթևեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական և այլ ոլորտներում: Համաձայնագրի, նրա տված հնարավորությունների, այլ ոլորտների զարգացմանը նպաստելու ակնկալիքների մասին զրուցել ենք ավիացիոն ոլորտի փորձագետների հետ։
Ավիացիայի փորձագետ Նավիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵՄ-Հայաստան ընդհանուր օդային գոտու ստեղծման պայմանագրի կնքումը տրամաբանական և սպասելի էր, քանի որ ամբողջ աշխարհում երկրներն աստիճանաբար անցում են կատարում բաց երկնքի քաղաքականությանը՝ վերացնելով բյուրոկրատական բազում հարցեր, քաշքշուկների, բացի այդ, մյուս կողմից, Հայաստանն արդեն երկար տարիներ ուներ նման մտադրություն։ Արդյունքում, ըստ Խաչատրյանի, որպես հաջորդ քայլ իրականություն դարձավ ավիացիոն միասնական գոտու պայմանագրի կնքումը, որը նշանակում է՝ հանվելու են շատ խնդիրներ առաջացնող պահանջները, ինչպիսին առաջադրում էր Քաղաքացիական ավիացիայի Միջազգային կազմակերպությունն (ICAO /ԻԿԱՕ) իր սահմանած 9 ազատություններով, այդ թվում հանվելու է 5-րդ կետը,տվյալ երկրի՝ սեփական օդային առաջնորդության հարցը, և ցանկացած օդանավով կարելի է թռչել եվրոպական որևէ քաղաք, այնտեղից էլ մեկ այլ ցանկալի ուղղություն ընտրել, եթե թույլտվություն հաստատվի։ «Այսինքն՝դու կարող ես քո երկրում գրանցված օդանավով թռչել Վիեննա, այնտեղից էլ որևէ տեղ, նույն կերպ էլ ԵՄ ցանկացած երկիր, կարող է գալ, իսկ նախկինում կարող էր պրոցեսը տևել այնքան, որ կարող էր չարտերը դուրս գալ։ Այս պայմանագիրը հեշտացնում է ամեն ինչ՝ բոլոր կողմերին տալով նույն հնարավորությունները»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Այս գործընթացի կայացման մեջ Խաչատրյանը պակաս նշանակություն չի տալիս սեփական ազգային ավիաուղու՝ «Fly Arna»-ի հիմնումը, որով պետությունը կարող է ավելի մեծ գործունեություն ծավալել և շատ հնարավորություններ օգտագործել։ Նա, թեև համաձայն չէ ազգային ավիաուղու հիմնման որոշ սկզբունքների հետ, սակայն մեզ համար կարևորագույն ձեռքբերում է համարում, որը հիմք է ստեղծելու թե ոլորտի, թե հարակից ոլորտների և ընդհանուր տնտեսական զարգացման համար։ Բացի այդ՝այս պայմանագրով ազգային ավիափոխադրողը հնարավորություն է ստանալու սերտ համագործակցել տարբեր ավիաընկերությունների հետ, համագործակցության փոխշահավետ պայմանագրեր կնքել և օգուտներ քաղել
Հարցին՝ ի՞նչ հնարավորություններ կտա կողմերի շուկաների հասանելիությունը՝ առանց խտրականության և միասնական կանոններով, Խաչատրյանն ասաց, որ այս հարցում ինչքան որ մեծ հնարավորություններ են ստեղծվելու, այնքան էլ հարցեր են առաջանալու մրցակցային շահավետության, նպատակահարմարության առումով։ «Օրինակ՝ ինչ-որ իտալական ավիաընկերություն կարող է այնպիսի պայմաններ ստեղծի, որ ուրիշ ընկերության թույլ չտա այդ չվերթերը կատարելու՝ մեզ համար առաջացնելով մրցակցային խնդիրներ։ Թույլտվությունը մեծ հնարավորություն է, բայց կոմերցիոն հարցերի մասին պետք է մտածել, լուրջ աշխատանքներ տանել»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով Հայաստանի այս փոփոխություններին ՝ մարդկային և ֆինանսական ռեսուրսներով պատրաստ լինելու հարցին, Խաչատրյանը նշեց, որ իր կարծիքով հայկակական կողմը ներկայումս համարժեք պատրաստվածություն չունի, սակայն կոնկրետ «Էյր Արաբիան» ունի հնարավորություններ՝ նոր ուժեղ մասնագետներ պատրաստելու, և մշտապես անցկացնում է տարատեսակ դասընթացներ, այդ թվում ուղեկցորդուհիների համար է ուսուցում կազմակերպում։ Նա կարծում է, որ առաջիկայում վերջինս կկարողանա լուծել տեխնիկական վերազինման և այլ հարցեր։ Ըստ Խաչատրյանի՝ այս պայմանագիրն իր իր հավատարմագրային պահանջներով նաև նպաստելու է թռիչքային անվտանգության բարձրացմանը, որի պարտավորությունն ունենք նաև այլ միջազգային պայմանագրերով, դրան գումարած,եթե անցնենք Միջազգային ավիատրանսպորտի ասոցացիայի աուդիտն ու լիազորագիր ստանանք, կդառնանք արդեն ուժեղ ավիաընկերություն՝ ավելի մեծ հնարավորություններով, կկարողանա ինտերլայն, նստատեղերերի փոխանակման պայմանագրեր կնքել ։ «Օրինակ, եթե ազգային ավիափոխադրող «Ֆլայ առնա»-ի օդանավը ամերիկյան ինչ-որ ավիաընկերության հետ միաժամանակ թռչի Ամստերդամ, այնտեղից էլ Լոս-Անջելես, կարող է նստատեղերի պայմանագրով ուղևորներին ուղարկել այդ չվերթով գնալու»,-նշեց փորձագետը։
Մեզ հետ զրույցում Քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեծ ձեռքբերում է համարում երկկողմանի հավասար պայմաններով համաձայնագրի կնքումը,որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի ազատորեն օգտվելու միմյանց շուկաներից, իսկ գնային հարցերի շուրջ բանակցություններով համաձայնության գալու, ինչպես ենթադրում է բաց երկնքի քաղաքականությունը։ Նա ասում է, որ ինքը 10-ը տարի շարունակ բարձրաձանում էր այսպիսի պայմանագրի, բաց երկնքի քաղաքականությանը միանալու մասին։ Պողոսյանի համոզմամբ՝ ազգային փոխադրող չունենալու պարագայում այս պայմանագրից առաջ ԻԿԱՕ-ի 9 ազատություններից գրեթե օգուտ չուներ Հայաստանը, շահում էին օտարերկրյա՝ հիմնականում ռուսական ընկերություններն, իսկ հիմա մեր օդաչուները կստանան մեծ աշխատավարձ, հարկերը կգան Հայաստան, կից ոլորտները՝ մատակարարման, սպասարկման ծառայությունները կզարգանան, կստեղծվեն բավականին նոր աշխատատեղեր։ Նա ևս չի բացառում, որ այս պայմանագրին նպաստել է կամ գոնե արագացրել է ազգային ավիափոխադրողի ստեղծումը՝անկախ այլ միջպետական պայմանագրեր ունենալուն։ Այս առումով նա ցանկացավ նշել, որ ազգային ավիափոխադրողի ստեղծման և ոլորտի զարգացման համար աղետալի են եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիները։ «Ռոբիկն ու Սերժիկը ավերեցին ծայրից ծայր ազգային ավիացիան, երբ «Արմավիան» վստահեցին «Բաքվի կլյուչնիկին», (խմբ.-նկատի ունի Արմավիայի տնօրեն Միխայիլ Բաղդասարովին)։
1in.am