Կաթն ու միսը թղթի վրա չի լինում. անասնաբույժները փողոց են դուրս եկել
Էկոնոմիկայի նախարարության մոտ բողոքի ակցիա է մեկնարկել։ Իրենց ձայնն այս անգամ լսելի դարձնելու են եկել մի շարք անասնաբույժներ։
«Մեր ոլորտը կարիք ունի ամենօրյա սպասարկման, հոգածության։ Անասնաբուժությունը գյուղատնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկն է։ Այս մասնագիտությունը պարզապես անտեսված է պետության, կառավարության ու մասնագիտական կառույցների կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից անասնաբույժներից մեկը։
«Թողես ամեն օր լրատվամիջներով սպանդանոցներից կխոսեն, առողջ սնունդից կխոսեն ու կասեն, որ դա շատ լավ բան է ու շատ անհրաժեշտ բան է, բայց թե ի վերջո դա ում միջոցով է արվում ու ինչ պայմաններով ոչ մեկը չի ասում։ Իրականում կյանքը բոլոր դարերում էլ ցույց է տվել, որ կադրերն ու մասնագետներն են անում ամեն ինչ, իսկ հիմա եթե մենք նույն այդ կադրերին հիմնահատակ ոչնչացնում ենք, բա էս հարցերով էլ ով պիտի զբաղվի։ Հասկացեք, որ թղթի վրա ոչ կաթ կա, ոչ միս կա, ոչ էլ առողջ սնունդ կա։ Իսկ եթե առողջ սնունդ չկա, ապա առհասարակ առողջության մասին խոսելը արդեն ավելորդ է։ Կադրերի խնդիր ունենք, մեր տարիքն արդեն անցել է,համալրման խնդիր ունենք։ Ագրարային համալսարանում անասնաբույժի մասնագիտությունը վաղուց արդեն գայթակղիչ մասնակցություն չէ։ Ուշադրություն է պետք այս ոլորտին, դրա համար ենք այստեղ»,- ասաց նա։
Hraparak.am



















