Դատավորների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացնում
Երեկ Բարձրագույն դատական խորհրդում քննվում էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը։ Հիշեցնենք․ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն կապակցությամբ, որ դատավորն արձակուրդ մեկնելու պատճառով իր վարույթում եղած տասից ավելի գործ հանձնել է վերամակագրման: Նիստին մասնակցում էին մոտ մեկ տասնյակ դատավորներ, հիմնականում` նրանք, ովքեր իշխանության սեւ ցուցակում են։ Դատավոր Արման Հովհաննիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսեց կարգապահական վարույթների, արդարադատության նախարարի եւ այլ թեմաների մասին։ Ըստ նրա` կարգապահական վարույթները, այո, վերջին շրջանում շատ են հարուցվում։ Երբ նայում են, թե որ դատավորների նկատմամբ է հարուցվում, արդեն դա մտահոգիչ է։ Խոսքն այն մասին է, որ վարույթները հարուցվում են իշխանություններին ոչ հաճելի որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ, եւ վարույթներ հարուցելը դարձել է ճնշման գործիք` դատարանները հնազանդեցնելու համար:
Արման Հովհաննիսյանը, անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարություններին, որ ինքը համակարգ է եկել արատավոր պրակտիկայի դեմ պայքարելու համար, ասաց. «Մինչ այդ՝ իր ՄԻՊ եղած ժամանակ, երբ նայում էինք իր զեկույցները եւ տեսնում էինք` ինչպիսի բնութագրեր է տալիս, եւ հիմիկվա իր գործողությունները, այ, հիմա կասկածներ են առաջանում. կա՛մ պարոն նախարարը լավ չի պատկերացնում այս համակարգը, կա՛մ ինքն իր հայտարարությունների մեջ ազնիվ չի եղել»։ Հարցին, թե դատավորներին պատժելու գործընթա՞ց է սկսվել, դատավորը պատասխանեց` իր կարծիքով` այո. «Այլ մեկնաբանություն եթե կա, ասեք, համաձայնեմ»։ Իսկ արդյոք ԲԴԽ-ն մաս կազմո՞ւմ է այս գործընթացին, դատավորը չցանկացավ մեկնաբանել այս կառույցի գործողությունները։ Թեեւ նշում է, որ իր նկատմամբ` որպես դատավորի, միջամտություններ չկան, բայց կարգապահական վարույթները հենց դրա մասին են խոսում. «Հենց կոնկրետ խոսվել է այս կամ այն գործի մասին, թե ինչի դատավորն այսպես արեց, դրանից հետո` կարգապահական վարույթ։ Դրան էլ ուրիշ ի՞նչ բացատրություն կա»։
Դատավոր Վազգեն Ռշտունին էլ մեզ ասաց, որ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը որոշ հանգամանքների հետ կապում է, սակայն չցանկացավ այդ հանգամանքների մասին մանրամասնել. «Ընդ որում, կապում եմ ոչ միայն իմ նկատմամբ կարգապական վարույթը, այլեւ իմ շատ գործընկերների հետ կապված վարույթների հարուցումն եմ կապում իրենց գործունեության հետ։ Եվ ոչ միայն կարգապահական վարույթները, նաեւ մինչեւ կարգապահական վարույթների հարուցումը մեր նկատմամբ իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ»։ Հարցին, թե ինքը իշխանության համար ոչ ցանկալի դատավորների շարքո՞ւմ է, նշեց, որ սուբյեկտիվ կլինի, եթե այդ հարցին պատասխանի. «Կարծում եմ` հասարակությունը, մամուլը, փաստաբանները, ՀԿ-ներն իրենք գնահատականը կտան այդ հարցին»։
Hraparak.am