Ի՞նչ եմ արել, ինչը չպետք է անեի կամ ի՞նչ չեմ արել, ինչը պետք է անեի․ Քոչարյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով գործով քննությունը։ Հիշեցնենք, որ այսօր դատախազները հրապարակեցին մեղադրական ճառի եզրափակիչ մասը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները պահանջում են պարզաբանել իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը։
«Դատախազը հրապարակել է ոչ թե մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, այլ՝ այդ մասի մի մասը։ Ինչո՞ւ եք սա նորմալ համարում», -ասաց Ռ․ Քոչարյանի պաշտպան Ալումյանը։
Ըստ Ալումյանի՝ դատարանը չի պարզաբանել մեղադրանքը, այլ՝ պարզապես նորից կարդացել է այն։ Պաշտպանական կողմի համար պարզ չէ, երբ նշվում է «Քոչարյանն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով», նախագահի կոնկրետ ո՞ր լիազորության մասին է խոսքը։ Բացի այդ, պարզ չէ՝ նախագահը խոստացե՞լ է անգործություն դրսևորել, պե՞տք է դրսևորեր, թե՞ նրան ինչ-որ գործողություններ են վերագրվում։
«Այսպիսի մեղադրանքը հնարավորություն չի տալիս կազմակերպելու պաշտպանությունը։ Եթե մեղադրանքի մեջ ամեն ինչ բացված լիներ, ապա այն մեկ էլ օր չէր ապրի․ դրա աբսուրդը կբացահատվեր հենց հրապարակելու պահին», – ասաց Ալումյանը։
Իր հերթին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ եթե դատարանին ներկայացված չէ պարզ մեղադրանք, ապա գործի քննությունը չի կարող շարունակվել, և վարույթը ենթակա է կարճման։
«Մեղադրանքի տեքստի վերլուծությունը ցույց է տալիս, որ այնտեղ հանցակազմի հատկանիշների նկարագիր չկա։ Անհասկանալի է՝ ի՞նչ գործողություն է կատարել պարոն Քոչարյանը», – ասաց պաշտպանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով ենթակայի և ստորոգյալի լեզվաբանական կանոնը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր համար նույնպես հասկանալի չէ մեղադրանքը․ «ի՞նչ եմ արել, ինչը չպետք է անեի կամ ի՞նչ չեմ արել, ինչը պետք է անեի․ նկարագարված չէ որևէ գործողություն։ Մենք ֆանտաստիկ բան չենք ուզում․ պարզաբանեք՝ ի՞նչ լիազորությունների մասին է խոսքը», – ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում): Ռ․ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաև կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։
Armeniatoday.news