Հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը, այսօր կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախագիծը ռազմավարական մեծ նշանակություն ունի, նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:

«Վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում Հյուսիս-հարավ նախագիծը մենք վերաձևակերպել ենք ու դարձրել Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ ու հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք», — ասել է նա:

Ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը Իրանի հետ, մյուս ճյուղը Հայաստանը Ադրբեջանին, հետագայում դեպի Նախիջևան, Թուրքիա: Նախաորակավորման փուլը տևելու է 70 օր: Փաշինյանը է հույս հայտնել, որ մինչև տարվա վերջ կոնկրետ շինարարական ընկերություն կլինի, որը կիրականացնի աշխատանքը:

«Մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար, հույս ունենք ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն փաստաթղթի տեսքով ու դե յուրե գործընթացը ամբողջ թափով կծավալվի», — նշել է վարչապետը:

Հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը մոտ 560 կիլոմետր է ու 60 կիլոմետրն ամենաառանցքային հատվածներից մեկն է, ասել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ կան 12 կիլոմետրից ավելի թունելային հատվածներ, որոնցից միայն մեկը 8,6 կմ երկարություն կունենա:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն