Պետական միջոցների վատնո՞ւմ, թե՞ փնթիություն
Լուսանկարում պատկերված 18 քմ մակերեսով մեծ վահանակը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան տանող ճանապարհին է՝ Փարաքար գյուղում: Սոցիալական գովազդի հեղինակն առողջապահության նախարարությունն է, որը հորդորում է՝ «Մնա տանը՝ կոտրիր վարակի շղթան»: Հարակից տարածքի բնակիչներն ասացին, որ պաստառն այստեղ տեղադրվել է դեռեւս 2020 թվականին, երբ կորոնավիրուսը նոր էր սկսում իր մահաբեր արշավը: Ինչպես աշխարհի շատ երկրներ, Հայաստանն էլ այդ օրերին կարանտին հայտարարեց ու սկսեց պայքարել վարակի դեմ: Այն ժամանակ այս պաստառն իմաստ ուներ: Հիմա սա լավագույն դեպքում հնացած կոչ է, վատագույն դեպքում՝ կեղծ ուղղորդում, մարդկանց ապակողմնորոշող քարոզ, նաեւ՝ պետական միջոցների յուրացում:
Հիմա կարանտին չէ, ու բոլորը պարտավոր են օրենքով իրենց վերապահվածն անել՝ ներկայանալ աշխատանքի, իսկ եթե վարակված են՝ մեկուսանալ, բուժվել: Վարակի շղթան կտրելու համար տանը մնալ չի կարելի, կարող ես վարակել տնեցիներին: Պիտի մեկուսանաս: Ուրեմն առողջապահության նախարարությունը կա՛մ չգիտի, թե առողջապահության նախարարի հրամանով կարանտինային ինչ սահմանափակումների ռեժիմ է սահմանվել, կա՛մ էլ որոշել է մարդկանց քարոզել չգնալ աշխատանքի, ինչպես այսօրվա իշխանությունն էր անում 2018-ին: Հեղափոխություն էր անում` աշխատանքը եւ ուսումը բոյկոտելու, գործադուլի կոչեր հնչեցնելով:
Ամենացավալին պետական միջոցների վատնումն է: Հակահամաճարակային քարոզը սոցիալական գովազդ է: «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության եւ առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող եւ առեւտրային բնույթ չկրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը, սոցիալական գովազդի արտադրության եւ տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին: Այսինքն՝ առողջապահության նախարարության, այսինքն՝ պետության հաշվին: Եզրակացություն․ լուսանկարում բերված իրականությունը բացահայտում է առողջապահության նախարարությունում պետական միջոցների վատնումների փաստը: Ցավոք, սա հնացած կամ կեղծ տեղեկությամբ միակ վահանակը չէ երկրում:
Արեգ Մարգարյան
Hraparak.am