«Ինժեներական դպրոց»-ի ավագ դպրոցի աշակերտները հավաստագրեր են ստացել
Փետրվարի 19-ին Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվող «Ինժեներական դպրոց» ծրագրի հերթական փուլի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողթյուն։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հայտնում են, որ ծրագիրն իր մեջ ներառում է երեք ուղղություն՝
• ավիամոդելավորում,
• ռոբոտաշինություն,
• ռադիոէլեկտրոնիկա:
«Ինժեներական դպրոց» ծրագրի ուսումնական ծրագիրը մշակվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից՝ ԻՔ-ում գործող ՀԱՊՀ «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնի աջակցությամբ։
Երեք ամիս տևողությամբ անվճար դասընթացների ընթացքում մասնակից 34 աշակերտները ստեղծել են ուսումնամարզական ինքնաթիռների մոդելներ, ռոբոտներ, 7-սեգմենտային դիսփլեյ, օսցիլոգրաֆ, լաբորատոր սնուցման աղբյուր և հաճախաչափ, որոնք ցուցադրվեցին միջոցառման շրջանակում:
Ծրագիրը լինելու է շարունակական և նպատակ ունի ծանոթացնել աշակերտներին ժամանակակից ամենապահանջված մասնագիտությանը՝ ճարտարագիտությանը, առաջացնելով սեր և հետաքրքրություն այդ մասնագիտության նկատմամբ:
hy.armradio.am