Հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքն ապահովելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների ապահովման սկզբունքները, դիմելու ընթացակարգը, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության իրականացման, խելամիտ հարմարեցումների վերանայման ու վերահսկողության հետ կապված հարաբերությունները։

Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ, որը՝

• ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության երկարաժամկետ կամ կարճաժամկետ սահմանափակում, որն էականորեն սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը.

• խելամիտ հարմարեցումներ ապահովելու դեպքում կկարողանա բավարար չափով կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել։

Քաղաքացին կարող է դիմել հետևյալ դեպքերում՝

աշխատանքային հայտարարությամբ աշխատանքի մրցույթին դիմած անձը, աշխատանքի ընդունման գործընթացի ընթացքում.

• աշխատողն՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները կատարելիս, ներառյալ փորձաշրջանի ընթացքում, աշխատավայրում ուսուցման, աշխատանքում առաջխաղացման նպատակով և այլն.

• դիմորդը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ամբողջ ընթացքում.

• սովորողը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատություններում սովորելու ամբողջ ընթացքում.

• սովորողը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատությունները սահմանված ընթացակարգով ավարտելու ընթացքում։

 Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են, օրինակ՝

• ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ. հարմարեցումներ, որոնց համար լրացուցիչ ծախս չի պահանջվում։ Օրինակ՝ աշխատաժամանակի ճկուն ժամանակացույց, որևէ գործողություն կատարելու համար լրացուցիչ ժամանակի տրամադրում, աշխատանքային պարտականությունների վերանայում.

• ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ. հարմարեցումներ, որոնք չեն առաջացնի լրացուցիչ դժվարություներ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում, օրինակ՝ դռան բռնակի փոխարինում մատչելի դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում.

• բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ. հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ, օրինակ՝ աջակցող տեխնոլոգիաներ և սարքեր՝ ներառյալ ծրագրային ապահովում.

• աջակցություն որևէ գործողություններ կատարելիս, օրինակ՝ օգնող անձինք, ուղեկցողներ, ժեստերի լեզվի թարգմանիչ, թարգմանիչներ՝ կույր և խուլ անձանց համար, ծառայող կամ ուղեկցող կենդանիներ։

Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձը, մասնավորապես` Լատվիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի քաղաքականությունները և ընթացակարգերը։

Հաշվի է առնվել նաև Հավասարության մարմինների եվրոպական ցանցի «Խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար. բացահայտելով դրա գործնական իրականացման մարտահրավերները» ուսումնասիրությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն