Հայաստանում գտնվող 3000 արցախցի երեխա ֆինանսական աջակցություն կստանա
Արցախում փաստացի բնակված և այժմ Հայաստանում գտնվող անչափահաս 3000 երեխա կստանա ֆինանսական աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր տեղի ունեցած կառավարության նիստում։
«Սոցիալական շտապօգնություն» ծրագրի ընդլանման միջոցով կստեղծվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքների կարիքներին արագ արձագանքման մեխանիզմներ։ Դրա արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ևս 300 ընտանիք կստանա սննդի փաթեթներ։ Ընդհանուր առմամբ շահառուների թվաքանակը ֆինանսավորման ավելացման արդյունքում կկազմի 536։
Նշենք, որ 2021 թվականին ստորագրված հուշագրով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հատկացրել էր 183 մլն դրամը, որը պետք է ուղղվեր Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված անչափահաս երեխաներին, ովքեր կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում։ Յուրաքանչյուր երեխայի հաշվով 2 ամիս հատկացվելու էր ամսական 30 500 դրամ։
Գումարը նախատեսվում էր ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվին մուտքագրել 2021թ.-ին, սակայն սոցիալական աջակցության տրամադրումը իրականացվել է 2021թ վերջին օրերին, որի դեպքում նշված գանձապետական հաշվին գումար մուտքագրելը հնարավոր չէր։
Armeniatoday.news