Պատգամավորն առաջարկում է բնակարանով չապահովվելու դեպքում զինծառայողներին դրամական փոխհատուցում տրամադրել
«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատգամավոր Թագուհի Թովմասյանը առաջարկում է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկել ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Թագուհի Թովմասյանը նշեց, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:
«Նշված հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զուտ օրենքի տեսանկյունից այս նորմը նախատեսվել է պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքներ ապահովելու նպատակով: Սակայն, օրենքի կիրառման արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ զինծառայողները, տարբեր պայմաններից ելնելով, երբեմն՝ իրենց կամքից անկախ, հաճախ իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Վարձով բնակվում են այլ վայրում, որեւէ ծանոթ մարդ են գտնում, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերն իրենց կողմից վճարում եւ այդ փաստաթղթերը ներկայացնում համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում: Փաստացի ստացվում է, որ բնակելի տարածություն վարձակալելու համար փոխհատուցում ստացած զինծառայողները իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են, ներկայացնում են նաեւ Կադաստրի կոմիտեից տեղեկանք՝ սեփականություն չունենալու մասին, բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ այնտեղ, որի տան տերը չի կնքել պայմանագիր: Նշված խնդրահարույց դեպքերի հանգամանքները՝ որպես հանցագործության հատկանիշ հիմք են հանդիսացել, եւ մի քանի տասնյակ պայմանագրային զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած վիճակագրության համաձայն՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1138-Ն որոշմամբ հաստատված «Զինծառայողների եւ քաղաքացիական ծառայողների կողմից բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցման վճարման» կարգը խախտելով, բնակելի տարածությունների վարձակալության պայմանագրեր ներկայացնելու եւ իրականում տվյալ բնակարաններում չբնակվելու պայմաններում դրամական փոխհատուցումներ ստանալու վերաբերյալ զինծառայողների կողմից խաբեության եղանակով խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստերի առթիվ, մինչ օրս կայազորային քննչական բաժիններում քննվել են թվով 81 քրեական գործեր: Դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել եւ գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Նման դեպքերով քրեական գործերի հարուցումը պարտավորեցնում է պայմանագրային զինծառայողներին, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, միանվագ վճարել ամիսներ կամ տարիներ շարունակ պետությունից ստացած եւ իրենց կացության համար ծախսած գումարները, որն այս ծանր սոցիալական պայմաններում զինծառայողների համար անհաղթահարելի դժվարություն է»,- ասաց Թովմասյանը:
Պատգամավորի խոսքով` վերոնշված խնդիրների լուծման կապակցությամբ օրենսդրական փոփոխություն իրականացնելու անհրաժեշտություն են տեսել՝ Պաշտպանության նախարարությունը եւ Զինվորական կենտրոնական դատախազությունը:
Նախագծով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ իրականացնել, որի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի պայմանագրային զինծառայողներին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում առանց բնակելի տարածության վարձակալության և վարձավճարի չափի մասին համապատասխան պայմանագրեր եւ տեղեկանքներ ներկայացնելու օրենքով սահմանված կարգով ստանալու դրամական փոխհատուցում:
Armenpress.am