Հայաստանում ձևավորվել է  «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր համանախագահ Տիգրան Խաչատրյանը։

«Կարևորելով  քաղաքացիների  առողջության իրավունքին վերաբերվող գաղափարախոսության, իրավունքների իրազեկման, ներկայացվող խնդիրների վերլուծական ծրագրերի իրականացումը, թվային առողջապահության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացման  ճանապարհին առողջապահության հանրության  մասնակցության ակտիվացումը՝ ձևավորվել է «Առողջության իրավունք» ՀԿ-ն»,- նշեց Խաչատրյանը

Վերջինիս խոսքով՝ ՀԿ-ի  գերխնդիրն  է  նպաստել ավելի լավ առողջապահական համակարգ ունենալուն՝ համագործակցելով  բոլոր շահագրգիռ  անհատների և կազմակերպությունների ( ֆիզիկական և իրավաբանական անձանց) հետ: Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀԿ-ն ակտիվ  մասնակցություն է ունենալու ոլորտում նախատեսվող և իրականացվող բոլոր ծրագրերին,  միջոցառումներին,  անկաշկանդ  ներկայացնելու  է իր մասնագիտական տեսակետը:

«Մեր ՀԿ-ի հակիրճ նպատակն է աջակցել մեր քաղաքացիներին և մեր բնակչությանը իրագործել իրենց առողջ լինելու իրավունքը»,- առանձնացրեց Խաչատրյանը։

ՀԿ-ի հիմնադիր համանախագահ Անուշ Պողոսյանի խոսքով՝ իրենց գաղափարը մեծ արձագանք է ստացել սփյուռքից։ Արդեն իսկ շատ մտքեր են դիտարկվել արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, ինչպես նաև ներկա իրավիճակը գնահատելու արդյունքում տարբեր տեսակի խնդիրների վերանայման հետ կապված։

«ՀԿ-ն իր  նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար  համագործակցելու է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների հետ»,- նշեց Պողոսյանը:

ՀԿ-ի հիմնադիր համանախագահ Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ն  ամենօրյա գործունեությամբ  նպաստելու  է բժշկագիտության, գործնական բժշկության զարգացմանը, պացիենտների իրավունքների պաշտպանությանը,  բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը, Հայաստանում արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի կայացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը,  դիտորդական գործունեության իրականացմանը:

Համանախագահները ներկայացրին  իրենց կողմից  հիմնադրած հասարակական կազմակերպության գործունեությունը,  քաղաքացիական հասարակության միջակայքում առողջության իրավունքի ամրապնդման  անհրաժեշտության տեսլականը, ինչպես նաև անդրադարձան առողջապահական և սոցիալական ոլորտների այն հիմնական ուղղություններին, որոնք տեղ կգտնեն  կազմակերպության որդեգրած քաղաքականության մեջ:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն