ՀՅԴ-ն կանխազգում էր այն աղետը, որն Արցախին էր սպասվում․ Սաղաթելյան
Մեկնարկել է ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովի պաշտոնական բացման արարողությունը։ Ընդհանրապես, ՀՅԴ Ընդհանուր ժողովները տեղի են ունենում 4 տարին մեկ, սակայն հանգամանքներով պայմանավորված՝ կարող են այլ ժամկետներում գումարվել։ Կուսակցության ընդհանուր ժողովներում քննարկվում է Բյուրոյի՝ նախորդ տարիների գործունեությունը, ինչպես նաև առաջիկա տարիների անելիքները, ավելի ճիշտ՝ ՀՅԴ ռազմավարական նպատակներն ու առաջադրանքները։ ՀՅԴ-ականները աշխարհի տարբեր վայրերից ժամանում են ընդհանուր ժողովին մասնակցելու համար։
«Ես նախ Հայաստանի կազմակերպության անունից ցանկանում եմ ողջունել ՀՅԴ-ն ներկայացնող ավելի քան 25 երկրներից ժամանած մեր սիրելի ընկերներին։ Սիրելի ընկերներ, Հայաստանի համար բարդագույն ժամանակներում մենք իսկապես զգացել ենք ձեր աջակցությունը։ Հայրենիքի մասին մտածող, նրա ապագայով մտահոգ ձեր տեսակը մշտապես եղել է մեր կողքին»,- այս մասին քիչ առաջ իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«ՀՅԴ-ի պատմությանը ծանոթ յուրաքանչյուրը կվկայի, որ մեզ ոչ միշտ է բախտ վիճակվել մեր բարձրագույն ժողովները գումարել հայրենիքում։ 33 ընդհանուր ժողովներից միայն 9 է , որ տեղի են ունեցել հայրենիքում։ ՀՅԴ ընդհանուր ժողովները կուսակցական կամ հերթական սովորական ժողովներ չեն։ ՀՅԴ ընդհանուր ժողովները մշտապես բխել են համահայկական օրակարգից ու նաև նոր օրակարգեր թելադրել։ Հիմնականում 4 տարին մեկ անգամ գումարվող այս ժողովները Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական բոլոր հանգրվաններում ունեցել են առանցքային նշանակություն։ Այդ որոշումները հաճախ շրջադարձային են եղել հայության կյանքում։ Ընդհանուր ժողովները մտնելով պատմության մեջ՝ իրենք իսկ պատմություն են կերտում»,- նշեց Սաղաթելյանը։
«ՀՅԴ վերջին ժողովը տեղի է ունեցել Ստեփանակերտում, 2019 թվականին։ Դա ամենևին էլ պատաական չէր, որովհետև ՀՅԴ-ն կանխազգում էր այն աղետը, որը սպասվում էր Արցախին։ Ամենևին պատահական չէր նաև, որ 2019 թվականին հենց Արցախից հնչեց այս ազգակործան իշխանությունների հեռացման պահանջը»,- հավելեց նա։
Hraparak.am