Մեքենաների առք ու վաճառքով զբաղվող տնտեսվարողները շահելու են այս իրավիճակից, բայց կան որոշ խոչընդոտներ
Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրների դատապարտմանն ու պատժամիջոցներին զուգահեռ տարբեր ոլորտի աշխարհի խոշորագույն ու առաջատար կազմակերպությունները ևս միանում են պատժամիջոցներին և դադարեցնում են համագործակցությունը ռուսական ընկերությունների հետ։ Ի թիվս այլ պատժամիջոցների՝ օրերս պարզ դարձավ, որ մեքենա արտադրող մի շարք հայտնի ընկերություններ,ինչպիսիք են օրինակ՝ Audi, Jaguar Land Rover, BMW, Mercedes-Benz, Citroen, General Motors ընկերությունները,դադարեցրել են ավտոմեքենաների առաքումը Ռուսաստան։ Հիշեցնենք, որ դրանից զատ կասեցվել է նաև դեպի Ռուսաստան մեքենաների արտադրության մեջ գործածվող միկրոչիպերը։ Հայ ավտոներկրող-վերավաճառողների սեզոնը նորից բացվում է։ «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել՝ ինչպե՞ս կազդեն այս գործընթացները հայակական արտահանողների վրա։
Մեքենաների առք ու վաճառքով զբաղվող, «Վարորդի ընկեր»ՀԿ-ի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նախ՝ ցանկացավ շեշտել, որ իր ասածը հանկարծ չարամտություն չդիտվի ու սխալ չհասկացվի, թե Ռուսաստանի ծանր վիճակից օգտվելով՝ ինքը մտածում է մեր վաճառողների օգուտների, շահերի մասին, սակայն գործարար ոլորտն է այնպիսին։ Ելնելով 2018-2019 թվականների փորձից, երբ Ռուսաստանի դեմ դարձալ որոշ արգելքներ խստացան և զգալի աճեց դեպի Ռուսաստան, ԵԱՏՄ այլ երկրներ Հայաստանից մեքենաների վաճառքի թիվը, և մենք ռեալ օգտվեցինք, այս անգամ, երբ ավելի խիստ են պատժամիջոցները, հաստատապես ավելի է մեծանալու արտահանումը, և մեր տնտեսվարողները շահելու են»,-ասում է նա։
Սակայն, Հովհաննիսյանի պնդմամբ, կան որոշ խոչընդոտներ։ Դրանցից ամենախնդրահարույցն այն է, որ Ռուսաստանը, Ղազախաստանը, Բելառուսը, ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները մինչև 2023 թվականը Հայաստանից մեքենաների ներկրումը բոյկոտել են. անհասկանալի կաննոների ներդրման պատճառաբանություններով գրեթե կասեցված է վաճառքը։ Արդյունքում Հայաստանում մոտ 30000 հատ մեքենա կուտակվել, փչանում է։ «Բանն այն է, որ մեր ընկերություններն առավելություններ ունեինք մինչև 2020 թվականը, բայց մեզ համար տհաճ անակնկալ էր, որ 2020, 2021, 2022 թվականներին ոչ թե պայմանները փոխվեցին՝ առավելությունները հանելով, այլ խաբեությամբ, մութ պայմանավորվածություններով գրեթե կանգնեցրին մեր արտահանումը, որի հետևանքով այսօր մոտ 30000 մեքենա չեն վաճառվել, օրեցօր անպիտան են դառնում, իսկ բազմաթիվ արտահանողներ ահռելի չափերով տույժ ու վնաս են կրել։ Դուք պատկերացնում եք 3տարի։ մեքենայի շարժիչը չաշխատի, կես գնով անգամ չեն կարողանալու վաճառել և չգիտեն՝ինչ անեն»։
Ըստ նրա՝ հիմնական սխալն այն է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանը չի դիտարկվում ԵԱՏՄ տարածքում ազատ տնտեսական գոտի, մեզ մոտ սահմանվեն մաքսազերծման համեմատաբար ավելի հարմար գներ՝ հաշվի առնելով մեր բացասկան առանձնահատկությունները. սահման չունենք Եվրոպայի հետ, մեր հարևանների կողմից շրջափակման մեջ ենք, չգիտենք՝ երբ կբացվեն ճանապարհները։ «Չեմ ուզում սխալ տպավորություն ստեղծվի, որ օգտվում ես խառնակ ժամանակներից, սակայն պատեհ ժամանակն է, որ հիմա հայկական կողմը թե Ռուսաստանին, թե ԵԱՏՄ երկրներին առաջարկի կատարել այսպիսի փոփոխություններ։ Կարծում եմ,որ Ռուսաստանն այս իրավիճակում հաշվի առնելով փոխշահավետությունը, կընդունի դրանք»,-ասում է մեր զրուցակիցը։
Բացի այդ, նրա դիտարկմամբ, նույնիսկ եթե պատերազմն ու պատժամիջոցները մասամբ մեղմանան կամ մեծ մասը հանվեն, միևնույն է՝ օգուտներ քաղելու են, շահելու են ոչ միայն նշված ընկերությունների հայաստանյան գրասենյակները նոր մեքենաներ վաճառելով, այլև ընդհանուր մեքենա արտահանողները, որովհետև ընկերությունները արդեն իսկ կսկսեն քայլեր ձեռնարկել՝ հարմարվելու ստեղծված վիճակի հետ։
1in.am