Ֆիլմ ազգային գաղափարախոսության անհրաժեշտության ու արժանապատվության մասին. «Գարուն ա» կինոնկարը մեծ էկրաններին է
«Ֆիլմ մեր մասին». այսպես է «Գարուն ա» կինոնկարի ստեղծագործական թիմը բնորոշում այն: «Գարուն ա» ֆիլմի հերոսները սիրում են, պատերազմում, հուսալքվում ու կոտրվում, սակայն շարունակում են պայքարել և ապրել հանուն հայրենիքի, հանուն երկրի ապագայի: Կինոնկարը, որն ասես ամփոփում է Հայաստանի վերջին երեսուն տարին, մարտի մեկից կինոթատրոնների էկրաններին է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերային լրագրողները ոչ միայն հնարավորություն ունեցան դիտելու այն՝ վերապրելով յուրաքանչյուրիս առնչվող իրադարձությունները, որոնք վառ ներկայացվում են կինոնկարում, այլև հանդիպելու ստեղծագործական կազմին և զրուցելու նրանց հետ:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Խաչատրյանը նաև գլխավոր դերակատարներից է: Նա կերտել է բացառիկ զինվորականի կերպար, որի համար երկիրն ու հայրենիքը բացարձակ արժեք են: Ավելի վաղ Խաչատրյանը նշել էր՝ կինոնկարը մեր մասին է, մեր՝ հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, հայրենասիրական դրսևորումների տեսակների մասին: Նրա խոսքով՝ «Գարուն ա» կինոնկարը նաև սիրո, բանակի, ազգային գաղափարախոսության անհրաժեշտության ու արժանապատվության մասին է:
«Մենք ներկայացնում ենք այն մարդու տեսակը, որն ուզում ենք՝ լինի: Չենք ցանկանում ցուցադրել մարդու այն տեսակը, որը վատն է: Կան տարբեր հայրենասիրություններ. ուզում ենք ցույց տալ այն հայրենասիրությունը, որը ուզում ենք՝ լինի: Ինձ համար այս ֆիլմն ասես հոգու պարտք լիներ, իսկ նյութը և թեման շատ արդիական ու ցավալի են: Շատ ցավալի խնդիրներ են բարձրաձայնվում, որոնց լուծում չեմ կարողանում գտնել: Կարծեցինք՝ պետք է խոսել այդ մասին ֆիլմի միջոցով»,-շեշտում է Խաչատրյանը:
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը փետրվարի 28-ին է կարողացել Հայաստան վերադառնալ Ուկրաինայից, ուր մեկնել էր ֆիլմին վերաբերող որոշ աշխատանքներ ավարտին հասցնելու նպատակով: Նա խոստովանում է՝ ցավալի տեսարանների ականատես է դարձել ու վերապրել այն, ինչ կատարվել է մեզ հետ:
«Այս կինոնկարի միջոցով հիշեցնում ենք, որ յուրաքանչյուրս է պատասխանատու հայրենիքի ապագայի համար: Պետք չէ միայն մեղադրել… Ինչպես հերոսներից Արամ Ամատունին է ասում ֆիլմում. «Այս երկրի կայացման համար յուրաքանչյուրը պետք է արյուն և քրտինք թափի»: Սա ուղերձ է մեր հանրությանը: Պետք չէ գոռալ, թե ինչու ամեն բան չի փոխվում, այլ անհրաժեշտ է պատասխանատվություն կրել հայրենիքի նկատմամբ, հայրենասիրությունն արտահայտել գործով»,-ասում է Մուշեղյանը:
Կինոնկարում ռեժիսորը փորձել է գլխավոր կերպարներից մեկի՝ ջութակահար Լևոնի միջոցով, նրա աչքերով նկարագրել պատերազմը և հանդիսատեսին թույլ տալ խորհելու, թե ո՞րն էր ի վերջո ճիշտ որոշումը. ջութակահարը պետք է հայրենիքին ծառայեր՝ մեծ բեմեր նվաճելով և մեր երկրի անունը միջազգային հարթակներում հնչեցնելով, թե՞ զենքով:
Ջութակահարին մարմնավորած դերասան Լևոն Հախվերդյանը կարծում է՝ արվեստագետը ազգի, ժողովրդի խիղճն է: «Ինչպես շատ դասական ֆիլմերում, այնպես էլ այստեղ արվեստագետի միջոցով ներկայացվում է պատերազմը, ինչն առավել ազդեցիկ է դարձնում ամեն բան: Իմ կերպարը պետք է ջութակ նվագի: Նա հնարավորություն ունի հանդես գալու մեծ բեմերում, բայց կյանքը, հանգամանքներն այնպես են դասավորվում, որ նա իր տաղանդը ստիպված մարտի դաշտում է օգտագործում: Ես շատ կուզեի, որ սա միայն ֆիլմ լիներ»,-եզրափակում է դերասանը:
Արմեն Մարգարյանը «Գարուն ա» ֆիլմում կերտել է Լևոնի հոր՝ Գնելի կերպարը: Իմանալով բանակում ծառայելու ծանր գինը՝ նա չի ցանկանում, որ որդին անցնի դժվարությունների միջով: Ըստ նրա՝ կարելի է հայրենասեր լինել նաև բեմում:
Մարգարյանը երբեմն դերեր է ստանձնում, որոնք առնչվում են իր անձնական կյանքին: Դերասանը համաձայն չէ իր կերպարի որոշ մտքերի, գործողությունների հետ, սակայն այդ ժամանակաշրջանում վերապրել է այն, ինչ իր կերպարը: «Պարտադիր չէ հայրենիքին ծառայել բանակում ու զիվնած, կարելի է հայրենիքին ծառայել քո աշխատանքով, նվիրումով հատկապես, երբ խոսքն արվեստագետի մասին է: Ես ուրախացա, որ Գնելի դերն եմ խաղալու, քանի որ այն բովանդակալից է ու հարուստ, սակայն վախ կար իմ որդու համար, վախ, որ նա պետք է բանակ գնա և այլն: Ֆիլմում հուզիչ ու դրամատիկ տեսարան կա, որի պատճառով անգամ երկմտում էի ու մտածում դերից հրաժարվելու մասին: Դերասանի համար հաճելի էմոցիաներ են, սակայն իրական կյանքում սա ողբերգություն է: Ֆիլմում ողբերգություն կա»,-ընդգծում է Մարգարյանը:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։
Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհաննիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։
Ստեղծագործական կազմը վստահ է՝ «Գարուն ա» կինոնկարն ունի բոլոր հնարավորությունները միջազգային հարթակներում ցուցադրվելու համար, քանի որ նկարահանվել է բարձրագույն ստանդարտներով: «Գարուն ա» ֆիլմի ամերիկյան պրեմիերա նախատեսված է ապրիլի 1-ին:
Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, ձեռներեց է. մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լևոնը, վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ, սակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են՝ առաջ բերելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
1in.am