Համարյա չորս տարի է անցել թավշյա հեղափոխությունից, փորձենք տեսնել, թե ինչ էական փոփոխություններ են տեղի ունեցել հետհեղափոխական Հայաստանում: Հեղափոխականների գլխավոր կրեդոն, որով նրանք եկան իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարն էր, որը հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Ցավոք, այս 4 տարիներին այդ պայքարը չկրեց համակարգային բնույթ, ընդամենն ունեցավ տարաբնույթ դրսեւորումներ, որոնք չլուծեցին հիմնական խնդիրը: Կառավարության, ԱԺ-ի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը պարզ վկայում է, որ բոլոր տեղերում բացակայում են համակարգային կառավարման տարրերը:

Ընդամենը այդ մարմինները ոչ այնքան հիմնավորված լուծումներ են տալիս միայն հրատապ լուծում պահանջող ընթացիկ խնդիրներին, այն էլ՝ ավելի շատ պաշտոնյաների հայեցողությամբ, ոչ թե օրենսդրությանը համապատասխան: Իսկ համակարգերի բացակայության պարագայում մարդկային գործոնի դերն էապես ավելանում է, եւ արդյունավետությունը կախված է լինում մարդկային ֆակտորից, այլ ոչ թե կարեւոր ու առաջնային պարամետրերից: Աշխարհը շատ վաղուց արդեն գնում է համակարգերի ներդրման ուղղությամբ, որպեսզի ամենուրեք նվազագույնի հասցնի մարդկային գործոնի դերը՝ ապահովելով առավելագույն օբյեկտիվություն, լիարժեք թափանցիկություն եւ հաշվետվողականություն:

Էլ չխոսենք այն մասին, որ այդ երկրներում չափազանց բարձր մակարդակի վրա է կադրային ռեսուրսի մասնագիտացման հարցը: Նման պայմաններում, բացի ակնկալվող արդյունավետությունից, լուծվում են նաեւ շատ այլ հարցեր, ամենակարեւորներից մեկի՝ կառավարման համակարգում ցանկացած մեկի կողմից կոռուպցիոն կամ հակաիրավական քայլ ձեռնարկելու պարագայում համակարգը նրան դուրս է շպրտում եւ ի ցույց դնում նրա անհամատեղելիությունը համակարգի հետ։ 

Ստացվում է, որ կայացած համակարգերի պարագայում դրանք ոչ միայն բարձր արդյունավետություն, թափանցիկություն եւ հաշվետվողականություն են ապահովում, այլ նաեւ ֆիլտրի դեր են կատարում ու ցանկացած պահի համակարգից դուրս են շպրտում այն աշխատակիցներին, ովքեր փորձում են շրջանցել օրենքներն ու կանոնները եւ անձնական շահ ունենալ: 

Մինչդեռ մեզ մոտ ներդրված համակարգեր չկան, եւ կադրային խնդիրներն էլ այլ կերպ են լուծվում: Ազգային ժողովն ընտրովի մարմին է․ հաղթող կուսակցությունն ինքը որոշեց խորհրդարանի ապագա կազմը եւ ունեցավ այն կազմը, որն իրեն էր հարմար, ու այդ հարցում կադրային փոփոխություններ անհնար է իրականացնել: Կառավարությունում, պետական կամ այլ մարմիններում ոչ բոլորի մասնագիտական եւ աշխատանքային կարողություններն ու փորձառությունն են համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին:

Այդ ոլորտներում աշխատանքի փորձը յուրովի գիտություն է, որին տիրապետել՝ նշանակում է օր-օրի մի բան սովորելով՝ գիտելիքները կուտակել։ Եվ պետք է հաշվի առնել, որ անձնական նվիրվածությունը շատ քիչ է անփորձ երիտասարդների տնօրինությանը մի ողջ ժողովրդի եւ վատ վիճակում գտնվող երկրի ճակատագիրը հանձնելու համար: Դա մոտավորապես նույնն է, որ փայլուն գիտելիքներով նոր-նոր վարորդական վկայական ստացած պատանուն վստահենք խիստ մառախուղի ու սառցապատ ճանապարհին ուղեւորներով լի մեծ բեռնատար վարելը: Պետք էր նրանց համար սահմանել մասնագիտական անցումային փուլ, որի ընթացքում փորձառու մասնագետների հովանու ներքո կծանոթանային եւ կկրթվեին երիտասարդները: Սա է միակ բանաձեւը նման բարձր պաշտոններում աշխատելու եւ նորմալ աշխատանքային արդյունքներ արձանագրելու համար։ 

Մեր երկրում այսօր էլ առկա է կադրերի հարուստ բանկ, սակայն իշխանությունները որդեգրել են այնպիսի կադրային քաղաքականություն, որ պաշտոնի են նշանակում իրենց վստահելի մարդկանց՝ անտեսելով նրանց մասնագիտական կարողությունները, եւ դա մեծ հարված է երկրի կառավարմանը: Եթե հիմնովին չփոխվի այս մոտեցումը, ապա հօդս կցնդի երկրի փրկության վերջին հույսը։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն