Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերության հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Էմանուել Մակրոնի ուղերձը պարունակում է Հայաստանի համար արժեքավոր շեշտադրումներ: Իհարկե դրանք հնարավոր է դիտարկել նաև Ֆրանսիայում նախընտրական տրամադրության համատեքստում: Ապրիլին նախատեսված է Ֆրանսիայի նախագահի ընտրություն, իսկ գործող նախագահ Մակրոնը լինելու է թեկնածու: Իհարկե, նախօրեին ուկրաինական ճգնաժամի առիթով ֆրանսիացիներին հղած իր ուղերձում նախագահ Մակրոնը դիտարկել էր անգամ պատերազմի և անվտանգության սպառնալիքների պարագայում ընտրության հետաձգման հնարավորությունը, սակայն բոլոր դեպքերում իրադրությունը նախընտրական է, իսկ Ֆրանսիայի հայ համայնքը իր կազմակերպվածության և նաև ֆրանսիական կյանքին բարձր ինտեգրվածության շնորհիվ մշտապես համարվել է նախագահի թեկնածուների համար կարևոր հասցեատեր: Այդ ամենով հանդերձ, նախագահ Մակրոնի ուղերձի շեշտադրումների քաղաքական կարևորությունը արժանի է դիտարկման: Այդ իմաստով հատկանշական է այն, որ Ֆրանսիայի նախագահը խոսում է հայ-ֆրանսիական գործակցության լայն և բազմապրոֆիլ ընդգրկվածության հարթակ ձևավորելու մասին, որի առնչությամբ մարտի 9-ին նախատեսում է համաժողով Փարիզում և Նիկոլ Փաշինյանին հրավիրում մասնակցելու դրան:

«Երկխոսության այս հարթակը, որի նպատակը հաստատակամորեն դեպի ապագա ուղղորդելն է, կմիավորի ֆրանսիացի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, ասոցիացիաների, ինչպես նաև բազմաթիվ անհատների ամենատարբեր բնագավառներից: Այն հնարավորություն կընձեռի բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչում մեր մշակութային, գիտական և տնտեսական հարաբերությունները, նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը՝ շեշտը հատուկ դնելով Ձեր երկրի երիտասարդության վրա», ասում է նախագահ Մակրոնը: Շատ կարևոր է, որ Ֆրանսիայի նախագահն ընդգծում է երկարաժամկետ «կառուցվածքային նախագծերի» միտքը, քանի որ միայն դրա շնորհիվ է հնարավոր հայ-ֆրանսիական գործակցությունը բերել որակապես նոր մակարդակի:

Միաժամանակ, կարևոր ընդգծում է, որ Ֆրանսիան գործընկեր դիտարկում է Հայաստանի երիտասարդությանը: Այստեղ տողատակում թերևս պետք է շոշափել նոր գործընկերների հրամայականը, քանի որ նոր աշխարհն ու հարաբերությունների նոր որակի, նոր արդյունքի անհրաժեշտությունը կարևոր են դարձնում նաև նոր գործընկերների առկայությունը: Անշուշտ կարևոր է նախագահ Մակրոնի հավաստիացումը արցախյան հարցի վերջնական ու տևական կարգավորման գործում «Ֆրանսիայի վճռական մոբիլիզացիայի» առնչությամբ: «Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը», ուղերձում գրում է Ֆրանսիայի նախագահը:

Փարիզի այդ շահագրգռությունն ու պատրաստակամությունը անշուշտ չպետք է տա Հայաստանում իռացիոնալ կամ պատրանքային սպասումների հերթական ալիքի առիթ, միաժամանակ սակայն այդ պատրաստակամությունը շատ կարևոր է Հայաստանի համար արցախյան և հայ-ադրբեջանական հարցում քաղաքական ճկունության համար, ինչի հարցը առավել հրամայական ու կենսական է դարձնում այսօր Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմն ու մեր ռեգիոնի ուղղությամբ դրա հնարավոր «մետաստազները»:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն