Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով․

Նոր կանոններով՝ հարցաշարը բաղկացած է 1116 հարցից, տեսական քննության 10 հարցի փոխարեն՝ սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։

Գիտելիքների ստուգման 20 հարցից քաղաքացին պետք է ճիշտ պատասխանի 18-ին: Տեսական քննությունն անց է կացվում երկու փուլով:

Առաջին փուլում ընդգրկված են տեսողական հարցեր. այն կոչվում է հոգեբանական թեստ: Հոգեբանական 3 հարցին ճիշտ պատասխանելուց հետո բացվում է 20 հարցից բաղկացած հարցաշարը՝ 2-5 տարբերակ ունեցող պատասխաններով։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանում ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները՝ անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ:

Այս պահի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննություններն անց են կացվում հայերեն և ռուսերեն, իսկ ապրիլի 10-ից սկսած կլինեն նաև անգլերեն, պարսկերեն և արաբերեն:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն