Խաղաղության նոր առաջարկ Հայաստանից․ ԱՄՆ-ն մեղադրում է ռուս խաղաղապահներին
Հայաստանը պատրաստ է և անգամ հորդորում է Ադրբեջանին շուտափույթ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Քայլի անհրաժեշտությունը ամրագրվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում՝ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ադրբեջանական նոր սադրանքները և հարձակումը կանխելու համար։ Նույն առաջարկը Հայաստանի անունից Ալմաթիում բարձրաձայնել է Հայաստանի ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ։
Խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին խոսում է նաև Ռուսաստանը։ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է՝ հույս ունեն, որ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրով։ Ռուսաստանը անկեղծորեն ցանկանում է դա՝ ասել է Մատվիենկոն։
Այս գործընթացներից զուգահեռ ակտիվության նշաններ է ցույց տալիս նաև միջազգային հանրությունը։
ԼՂ-ում իրավիճակի լարումն ակտիվացրել է միջազգային հանրությանը։ Տևական դադարից հետո ԵԱՀԿ-ն տարածաշրջանում է․ առանձին այցերով ժամանել են ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Հանդիպումներ են ունենում և ծանոթանում կողմերի հետպատերազմյան դիրքորոշումներին։
Արցախի բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կիրառած «գազային ճնշումը» և զուգահեռաբար մարտի 24-ին իրականացրած սադրանքը Փառուխում ամերիկյան կողմին առիթ են տալիս խոսել Արցախում ռուս խաղաղապահների ձախողման մասին։ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը «Ամերիկայի ձայն»-ին ասել է․
«Ռուսաստանն առաջին հերթին ձախողեց Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու հարցում։ Եթե ուզում ես պաշտպանի դեր ստանձնել, ապա պետք է պաշտպանես։ Խաղաղապահ առաքելություն այնտեղ ուղարկելով՝ ընդամենը փորձում ես ոտք դնել այդ հատվածում։ Ես խստորեն անհանգստացած եմ այն լրատվությամբ, որ Ադրբեջանը ԼՂ այն հատվածն է մտել, որտեղ չպետք է մտներ, ու ես կոչ եմ արել մեր կառավարությանը ավելի խիստ լինել Ադրբեջանի նկատմամբ և ասել, որ նման ագրեսիան ընդունելի չէ։ Ես նաև խստիվ շեշտել եմ, որ սա կարող է դիտարկվել ԱՄՆ-ի կողմից Բաքվին օգնություն ցուցաբերելու հետևանք»։
Օգնության կամ պայմանավորվածությունների վարկածը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի առաջատար հետազոտող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անհիմն է համարում։
«Ինձ թվում է՝ առանցքային խնդիրն այն է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ունի երկու բաղադրիչ՝ ռազմական և քաղաքական։ Ռազմական տեսանկյունից 2020-ի աշնանը Ադրբեջանը հաղթել է պատերազմում, քաղաքականում՝ ոչ։ Հիմա փորձ է արվում այս ամենը հասցնել վերջնարդյունքի։ Պետք է նաև հասկանալ, որ մեր դիրքորոշումները ամենևին նույնը չեն։ «Պայմանավորվածության» մասին ակնարկող մարդիկ, հույս ունեմ, չեն մտածում, որ Մոսկվան պարզապես մազոխիստի նման փորձում է ավարտել իր խաղաղապահ առաքելությունը։ Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ էր նախաձեռնում այն։ Իրականում իրավիճակն այնքան պարզ չէ, որքան ոմանց թվում է»։
Մարկեդոնովը չի խոսում ՌԴ-ի դեմ Հարավային Կովկասում «երկրորդ ճակատ» բացելու մասին։ Նման խոսակցությունները լուրջ չի համարում նաև «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, բայց, այդուհանդերձ, կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողը կապված է ուկրաինական իրադարձությունների հետ:
«Իսկապես, Ռուսաստանը հիմա, մեղմ ասած, ժամանակ չունի Հարավային Կովկասով զբաղվելու համար, և այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղի շուրջ, իր ձգտումների ու մտահոգությունների կենտրոնը չէ: Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից և ստուգում է «կարմիր գծերը», փորձում է ճնշում գործադրել և տեսնել՝ որտեղ է ստացվում և որտեղ՝ ոչ: Ստուգել, իհարկե, Ռուսաստանի արձագանքը, ոչ թե Արցախի կամ Հայաստանի Հանրապետության։ Այսինքն՝ Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե որտեղ են իր «սահմանները», հասկանալ, թե ինչ կարելի է անել և ինչ՝ ոչ: Ռուսաստանը աշխատում է դիվանագիտական գործիքակազմով, համոզված եմ, որ հագեցած բանակցություններ են ընթանում, հեռախոսազանգեր են հնչում այս կամ այն կողմից: Բայց դա, ցավոք, բավարար չէ»:
Վերջին շրջանի խիստ լարված իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: Ձևակերպումը արձանագրվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում։
Տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար պաշտոնական Երևանը դարձյալ հայտարարել է՝ պատրաստ է և հորդորում է Ադրբեջանին շուտափույթ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Հայաստանն արդեն մի քանի անգամ հաստատել է՝ ընդունելի է համարում Բաքվի 5 առաջարկները, ասել է, որ խաղաղության օրակարգն ամբողջացրել է նաև իր առաջարկներով, որոնց Ադրբեջանը դեռ չի արձագանքել։
Խաղաղության բանակցությունների առաջարկը Հայաստանը կրկին ուղղել է Ադրբեջանին արդեն ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ։
ԱԺ նախագհ Ալեն Սիմոնյան․ «Ինչպես նախկինում, Հայաստանը կարևորում է հարևան պետությունների հետ նորմալ հարաբերությունները: Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, և այդ պատճառով, հաստատելով նախկինում ձևակերպված դիրքորոշումը, առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»։
Առաջարկին զուգահեռ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանի վերջին օրերի սադրանքները, խոսել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մասին՝ շեշտելով, որ դեռևս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար և այլ բնույթի խնդիրները, վերադարձված չեն հայ ռազմագերիները և պատանդները, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է: Սիմոնյանը նաև ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը տարածքային վեճ չէ։
«Հիմնարար և սկզբունքային են ԼՂ հայերի իրավունքների և ազատությունների երաշխիքները, ԼՂ կարգավիճակի հարցը։ Բազմիցս հայտարարել ենք, որ հակամարտությունը ոչ թե տարածքների, այլ իրավունքների հարց է»։
Ադրբեջանի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան թվարկել է մի շարք պայմաններ, որոնց դեպքում, ըստ Ադրբեջանի, հնարավոր է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հայաստանը դեռ պետք է պարզաբանի Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած 4 հազար ադրբեջանցիների ճակատագիրը, ճանաչի Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը և վերականգնի տարածաշրջանային կոմունիկացիաները։
Իր հերթին Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով․ տեսակետը փոխանցել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
hy.armradio.am