291 բավարարված դիմում ՄԻԵԴ–ում, 38 հաստատում՝ Բաքվից․ 253 գործով Ադրբեջանը «լռում» է
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը 3822 է։ Այս տվյալները Քննչական կոմիտեն ներկայացրեց օրերս և պաշտոնապես տեղեկացրեց, որ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչև այսօր Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված 150 հայի։
2021 թվականից մինչև այսօր Ադրբեջանն արագացված ընթացակարգով դատապարտել է 38 հայ ռազմագերու՝ նրանց վերագրելով շինծու մեղադրանքներ՝ ահաբեկչություն, լրտեսություն, զինված խմբավորումների ձևավորում, սահմանի ապօրինի հատում։ Բրիտանական Amnesty International կազմակերպության վերջին զեկույցում նշվում է, որ թեև Ադրբեջանում գերության մեջ մնացած հայերի ստույգ թիվը հայտնի չէ, բայց փաստ է, որ տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում, նրանց նկատմամբ ընթանում են արագ, անարդար դատավարություններ։ «Շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց բռնի անհետացման և հնարավոր սպանության մասին պնդումների ֆոնին», – նշվում է զեկույցում։ Իրավապաշտպան կազմակերպությունը նաև հիշեցնում է, որ դեռևս սեպտեմբերին Եվրախորհուրդն էր մտահոգություն հայտնել «տասնյակ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ»։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում թվեր ներկայացրեց՝ պատասխանելով հարցին, թե պատերազմի ավարտից հետո քանի՞ գործով է Հայաստանը դիմել Եվրոպական դատարան և, ընդհանրապես, ռազմագերիների որ թվի մասին կարող է գնալ խոսքը.
«ՀՀ կառավարությունը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» քննվող միջպետական գանգատի շրջանակում Եվրոպական դատարան է ներկայացրել ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց իրավունքնները պաշտպանելու միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումներ: Ներկայացվել են 300-ից ավելի անձանց վերաբերող դիմումներ, դրանցից բավարարվել է 291-ը։ Գանգատներից 170-ից ավելին ՀՀ կառավարությունն է ներկայացրել, մնացածը՝ իրավապաշտպանները և անհատ փաստաբանները: Այս պահին Ադրբեջանը հաստատել է 38 անձանց իր մոտ գտնվելու փաստը , որոնք ռազմագերիներ են և քաղաքացիական անձինք»:
Դրմեյանը նշում է, որ Ադրբեջանը Եվրոպական դատարանի միջանկյալ ոչ բոլոր որոշումների վերաբերյալ է սպառիչ տեղեկություններ տրամադրում և պահպանում ժամկետները: 2021 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր 291 անձանց մասին Եվրոպական դատարանը Ադրբեջանից տեղեկատվություն էր պահանջել՝ հետաքրքրվելով նրանց պահման պայմաններով և ոչ միայն։ Ըստ իրավապաշտպանների՝ Ադրբեջանն այս հարցումներին վերացական պատասխաններ է տալիս, բժշկական փաստաթղթերի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ է տրամադրում և սահմանափակվում է դեկլարատիվ հայտարարություններով, թե հարգում է հումանիտար իրավունքը: «Այդ գործելաոճն իր գնահատականը կստանա Եվրոպական դատարանում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատի շրջանակում, որտեղ դատարանը կանդրադառան նաև Ադրբեջանի այս վարքագծին»,–«Ռադիոլուր»–ին ասել է Դրմեյանը.
«Ոչ բոլոր դեպքերում է, որ Ադրբեջանը պատասխանել է այդ հարցադրումներին, այս պահին դեռևս 38 անձ, որոնց վերաբերյալ ադրբեջանական կողմից կան հաստատումներ, շարունակում են մնալ Ադրբեջանում: Մնացած բոլոր անձինք, որոնց վերաբերյալ Ադրբեջանը պատասխաններ չի ներկայացրել, բայց կան փաստեր՝ լուսանկարներ, վիդեոներ կամ այլ տիպի ապացույցներ, որոնք ներկայացվել են Եվրոպական դատարան քննվելու է բռնի անհետացած անձանց իրավունքների խախտման շրջանակում: Փաստացի, Ադրբեջանը մինչ օրս չի հայտնում որևէ տեղեկատվություն այդ անձանց գտնվելու վայրի մասին: Մեր կողմից և անհատ փաստաբաններ կողմից, սակայն, հիմանվորվում է, որ ինչ-որ մի պահի այդ մարդիկ գտնվել են Ադրբեջանի ԶՈՒ հսկողության ներքո»:
Ստացվում է, որ ՄԻԵԴ –ի կողմից բավարարված 291 դիմումներից Բաքուն հաստատում է 38 –ը, «լռում»՝ 253–ի վերաբերյալ, իսկ միջազգային հարթակներում հայտարարում, որ Ադրբեջանում գերիներ չկան։
Նախօրեին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին։
Նույն կարծիքին չեն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։ Օրերս Հայաստանում էր անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը: ԱԳՆ-ի, ՊՆ-ի և ՄԻՊ-ի հետ հանդիպումներում շեշտվել է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը:
hy.armradio.am