Մայիսի 1-ից Գյումրիում կարգելվի փողոցային առևտուրը. hանրային թեժ քննարկում քաղաքապետարանում
Քաղաքապետարանը մայիսի 1-ից արգելելու է անթույլատրելի վայրերում փողոցային առևտուրը։ Խնդիրը վերաբերում է Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներին, ինչպես նաև ավտոկայան տանող ճանապարհին, Անի թաղամասում ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքին։
Բացօթյա առևտուրն արգելելու մասին որոշում քաղաքապետարանն ընդունել է անցած տարվա դեկտեմբերին։ Կիրառման է դրվել մայիսի մեկից, ըստ այդմ, հանրային քննարկման ժամանակ առևտրի և գովազդի կանոնակարգման բաժնի պատասխանատուն հայտարարեց, որ առևտրականներին մինչև ապրիլի 30-ն է ժամանակ տրվել ազատել շուկայամերձ փողոցներն ու մայթերը:
Քաղաքապետարանի առաջարկը վերաբերում է մասնավորին պատկանող տարածքին, որտեղ այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ: Մի քանի ամսով մեջ շուկայի սեփականատիրոջ հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, հստակեցվում են տաղավարներ տրամադրելու և առևտուրը փակ շուկայում կազմակերպելու տարբերակները:
«Պայմանավորվել ենք՝ մեկ ամիս ավճար է լինելու տարածքները տեղափոխվելուց հետո, մեկ տարի անփոփոխ է լինելու մեկ մետրը 300 դրամ պայմանը, ամբողջությամբ նոր տաղավարներ են էնտեղ կառուցվում։ Առևտրականները ունենալու են նաև պահեստային մաս»,-նշել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներն էլ մինչ այս ստուգայցեր են կատարել քաղաքի տարբեր հատվածներում գտնվող բացօթյա առևտրի տարածքներում, արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
30 տարվա մեջ չլուծված խնդիրը միանգամից կարգավորելու պահանջն իրագործելը մեծ մասի համար անհավանական թվացողներից է։ Բայց որոշումը կայացված է։ Առևտրի համար զբաղեցրած փողոցների ու մայթերի պատճառով խոչնդոտվում է քաղաքացիների ու ավտոմեքենաների ազատ տեղաշարժը, ինչպես նաև քաղաքի կենտրոնական հատվածներում խաթարում է արտաքին տեսքը:
Իսկ ինչքանով է փակ տարածքն առևտրի համար հարմարավետ: Անգարային շուկան հնարավոր է փոքր լինի մանրածախ առևտրով զբաղվողների համար, ըստ այդմ, քննարկվեց փոքրիկ շուկաներ բացել նաև քաղաքի տարբեր հատվածներում, որով և ըստ ներկա մտահոգների կբացառի նաև անհատ սեփականատիրոջ մոնոպոլիայով զբաղվելու հնարավորությունը:
««58» թաղամասը ունենալու է իր շուկան՝ եկեղեցու հետևի հատվածում։ Սեփականատիրոջ հետ բանակցություններ ենք ունեցել, որ նման շուկաներ ունենանք նաև «Մուշ» թաղամասում, քաղաքի տարբեր հատվածներում, որտեղ տարածքները խիտ են բնակեցված և ունեն շուկաներ ունենալու կարիք»,- նշել է Գյումրիի քաղաքապետի տեղակալը։
Բացօթյա և անթույլատրելի տարածքներում առևտուրն արգելելու պահանջն ու առաջարկվող այլընտրանքային տարբերակները առևտրականներին չգոհացրին: Իրենք էլ ունեին իրենց պահանջները։
Մթնոլորտն ավելի թեժացավ, երբ առևտրականներին, այսպես ասած, վերջնագիր ներկայացրին, որ սահմանված մեկամսյա ժամկետում տարածքները չազատելու դեպքում, խնդրի լուծմանը կմիջամտեն տեսչական մարմինն ու ոստիկանությունը։ Քննարկումը վերածվեց լեզվակռվի, որից հետո առևտրականները հեռացան նիստերիի դահլիճից:
Շուրջ 3 ժամ տևած հանրային քննարկումը ավարտվեց առանց համաձայնության, թեև դրանից որոշումը չփոխվեց՝ մայիսի մեկից արգելել փողոցային առևտուրը։ Կհանվեն նաև Լաչինի միջանցք կոչվող հատվածում անօրինական տեղադրված բոլոր տաղավարները: Այն կդառնա ավտոմեքենաների համար երթևեկելի միակողմանի փողոց:
Shantnews.am