Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքներին հատկացվող բնակարանային ապահովության ծրագրին հատկացվող գումարներն ավելացրել է 400 մլն դրամով՝ 560 շահառուի հաշվարկով։ 2020-ին մեկնարկած ծրագրի միջոցները նախատեսվածից շուտ են սպառվել, քանի որ դիմողների թիվն  աննախադեպ աճել է։ Ծրագիրն ունի երեք բաղադրիչ։ Մասնավորապես, հիփոթեք  մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն։ Կառավարությունում, սակայն անհանգստացած են՝   ծրագրերի մասին մարդիկ լավատեսյակ չեն։ 

Գյումրեցի Գրիգորյանների ընտանիքում այս հունվարին երրորդ տղան ծնվեց։   Ընտանիքը դեռ 2016-ին հիփոթեկով բնակարան էր գնել։  Որ կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանային ապահովության ծրագիր է իրականացնում՝ տեղյակ էլ չեն եղել։ Վարկի հերթական մարման ժամանակ բանկից են հուշել, որ սոցապնախարարությունն աջակցում է հիփոթեքային վարկ և երեխա ունեցող երեխաներին։  Ընտանիքից «Ռադիոլուրին» պատմում են․

«Ես ուղղակի բանկում հարցրի, թե երրորդ երեխայի համար ի՞նչ աջակցություն կա, ճիշտն ասած՝ չգիտեի, որ որևէ աջակցություն կա, ասեցին, որ դիմենք։ Փաստաթղթղերը տարա ներկայացրի, հաստատեցին»։

2020-2023 թթ պետական աջակցության ծրագրով՝  բոլոր այն ընտանիքների համար, որոնք ձեռք են բերում  բնակարան և ունեն մեկ կամ երկու անչափահաս երեխա, մարզերում  ձեռք բերվող բնակարանի արժեքի 10 տոկոսը, իսկ Երևանում 5 տոկոսը  վճարում է պետությունը՝ միանվագ։ Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում հիփոթեքի մայր գումարը պետության հաշվին նվազեցվում է մինչեւ 2 միլիոն դրամով։  Մեծ է աջակցությունը մինչև 30 տարեկանը երրորդ և հաջորդ  երեխա ունեցող ընտանիքներին։ Նրանց վարկից պետությունը մարում է մինչև 4 միլիոն դրամ՝ ասում է սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ծրագրի մեկնարկից սկսած՝ արդեն  3250 շահառու ընտանիք օգտվել է, և պետության ընդհանուր մասնակցությունը 2.2 մլրդ դրամ է։ Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2500 շահառու։  2022 թվականին օգտվել է շուրջ 900 շահառու։  Այս պահի դրությամբ էլ ունենք 150 բավարարված հայտ»։

Ծրագրի այս բաղադրիչը, սակայն որոշակի սահմանափակումներ ունի։ Առաջին և երկրորդ երեխաների դեպքում շահառուի գնած բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 30 մլն դրամը, երրորդ ու հաջորդ երեխաների դեպքում 5-ական միլիոն դրամով ավելանում է բնակարանի արժեքը։

Վարչապետ Փաշինյանը շեշտում է՝  բնակարանային այս աջակցությունը որևէ կերպ չի ազդում երեխա ունեցող ընտանիքների  աջակցության մյուս ծրագրերի վրա։ Բոլոր երեխաների դեպքում էլ պետության տրամադրած միանվագ նպաստներից  ընտանիքներն օգտվում են։

«Ասենք հիմա երրորդ և հաջորդ երեխայի համար ամիսը 50 հազար դրամի աջակցություն այս տարվա հունվարից տալիս ենք։ Մարդը կարող է և՛ այս ծրագրից օգտվել, և ՛ երրորդ, չորրորդ երեխայի միանվագ աջակցությունից էլ օգտվել։  Բոլոր ծրագրերը, որոնք ընդունվում են առանձին-առանձին, կարող են օգտվել»։

Բացի այդ, վարչապետի տեղեկացմամբ, բնակարանների աջակցության այս ծրագրից ընտանիքները կարող են օգտվել ծնվող ամեն հաջորդ երեխայի դեպքում։ Դա շարունակական է։

«Արդյունքում ստացվի, որ բնակարանի գնի 50-60 տոկոսը պետությունն է  վճարում»։

Սոցապնախարար  Նարեկ Մկրտչյանի խոսքով՝  ծրագրին դիմողների թիվն  աննախադեպ աճել է։ Այն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն   մարզում հիփոթեքով բնակարան գնելու կամ անհատական տուն կառուցելու համար, երկրորդ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդ՝ հիփոթեք  մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն։ 2020 թ. հուլիսին ընդունված ծրագրի միջոցները, ըստ դիմողների մեծ թվի, նախատեսվածից շուտ են սպառվել ուստի կառավարությունն ավելացնում է դրա միջոցները 400 մլն դրամով՝ եւս մոտ 560 շահառուի հաշվարկով։ 

Հաջորդ շաբաթ կառավարության նիստին կներկայացվեն նաև սահմանամերձ բնակավայրերում բնակարան ձեռք բերելու  աջակցության ծրագրեր։ Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ասում է՝ մանրամասներն արդեն  քննարկվել են։

«Հնարավորություն կտանք սահմանամերձ մեր բնակավայրերի բնակիչներին, որոնք ցանկություն կունենան սահմանամերձ համայնքներում բնակարան կառուցել, իրենց ևս պետական աջակցություն տրամադրվի»։

Բայց վարչապետը նաեւ անհանգստացած է՝ աջակցության  ծրագրերի մասին մարդիկ լավ իրազեկ չեն հատկապես մարզերում։ Շտկել է պետք՝ ասաց։   Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իրենց  փորձն օրինակ բերեց, մարդկանց իրազեկել են կոնկրետ կազմակերպությունների միջոցով՝ գումարի դիմաց   

«Հաջող փորձի դեպքում արժի տարածել այլ ծրագրերի վրա»։

Քաղաքացին ծրագրերից օգտվելու համար պետք է  դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկի կամ վարկային կազմակերպության, որից հետո կառավարությունը ստանում է հաշվետվությունները և համապատասխան հաշիվներով վճարում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն