Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: 3.5 շաբաթ պահանջվեց շինարարից՝ փլուզված հատվածը նորոգելու համար: Երթևեկությունն իրականացվում է երեք ուղեգծով՝ երկուսը՝ «Դալմայից» դեպի մարզահամերգային, մյուսը՝ համալիրից դեպի «Դալմա»:

Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Լուծումը տրվել է շինարարի կողմից, կոնստրուկտորների կողմից, մասնագիտական լուծում է եղել և խիստ հաշվարկված: Ամրացումը կատարվել է ներսից, խորքից, բավականին լրջագույն աշխատանք, որն ամուր կպահի ճանապարհի կրողունակությունը: 

Փլուզման արդյունքում վնասվել էին նաև հեղեղատարը, գազատարը, ոռոգման համակարգը, պոկվել էին հաղորդալարերը: Թեև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շինհրապարակում ստուգումներ է անցկացրել, «Լուրերի» հետ զրույցում ասացին՝ արդյունքներն ամփոփվում են, կհրապարակեն ավելի ուշ: Իսկ շինարարը, ճանապարհի վերականգնումից հետո էլ պնդում է՝ փլուզման պատճառը ոչ այնքան հարևանությամբ բազմահարկեր կառուցվող իրենց շինհրապարակն էր, որքան վնասված հեղեղատարը:

Սուրեն Սահակյան («Սահակյանշին» ընկերության տնօրեն) - Ջրի հոսքը մտել է ճանապարհի պաստառի տակ՝ գերհագեցնելով ջրերով էդ ամբողջ մասսան, որը հրել է մեր ժամանակավոր կառուցված հենապատը: 

«Սահակյանշինի» ղեկավարը երաշխավորում է վերակառուցված ճանապարհի անվտանգությունը, այդ հատվածում բացառում նոր փլուզումները:

Սուրեն Սահակյան - Տարածքում մեծ թափով ընթանում է նոր թաղամասի շինարարություն, նոր խնդիրներ կան այստեղ դրված, որոնք պետք է կոմպլեքս լուծվեն, և էդ խնդիրները կամաց-կամաց իրենց լուծումը կստանան: Դա պետք է լինի շինարարների և կառուցապատողների և քաղաքային իշխանությունների համատեղ ակտիվ աշխատանք: 

Վերակառուցումից հետո ճանապարհի այդ հատվածը մեկ ուղեգծով կրճատվել է:

Կամո Արեյան - Մնացած հատվածը մնալու է կոնսերվացված, որը կից է շինարարությանը: Դա արդեն ընթացքում, երբ կկայանա շինարարության ավարտը, կբացվի նաև այդ հատվածը: Այն կհավասարեցվի կառուցապատման գոտուն:

Կառուցապատողը նաև նշում է՝ առաջիկայում Ծիծեռնակաբերդի խճուղին լայնացնելու են, տակը կայանման հրապարակ են կառուցելու:

Սուրեն Սահակյան - Լայն պողոտա է լինելու, որն ունենալու է երկրորդական սպասարկման ճանապարհ, ունենալու է 8 մ լայնությամբ մայթ, քայլուղի: 

Շինարարը նշում է՝ կպահանջվի 2-3 տարի: Քաղաքային իշխանությունը շինթույլտվությունը կառուցապատողին տվել է մինչև 2025 թվականը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն