Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Աննա Վարդապետյանին ընտրել է գլխավոր դատախազի պաշտոնում:  Քվեարկությանը մասնակցել է ՔՊ խմբակցության 70 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել։ Նիստին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել: Քննարկումն ընթացել է միայն խորհրդարանական մեծամասնության մասնակցությամբ։ 

Հեղափոխություն՝ ուշացած արդարադատության դեմ

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր դատախազի պաշտոնին է հավակնում կին թեկնածու։ Չնայած հակասական կարծիքներին, մտավախություններին ու կասկածներին՝ իշխանական թեկնածուն՝ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, վճռական է տրամադրված։ Ավելին՝ իրավաբանության նկատմամբ հեղափոխական մոտեցումներ ունի։  Իսկ դատախազությունում չաշխատելը ոչ թե թերություն է համարում, այլ հարցին այլ  տեսանկյունից նայելու հնարավորություն.

«Իմ մոտեցումները տարբերվում են շեշտադրումների տեսանկյունից։ Ինձ մեղադրում են, որ ես չեմ աշխատել դատախազության համակարգում, բայց ես կարծում եմ, որ  սա հնարավորություն է այլ տեսանկյունից հարցին նայելու։ Յուրաքանչյուր գործի ես նայում եմ մարդու տեսանկյունից, և ինձ համար կարևոր է լինելու՝ արդյոք մենք պաշտպանում ենք մարդու իրավունքները։ Այսինքն՝ այն կամքը, որը գլխավոր դատախազի դիրքից է գալու, մեկն է՝ դատախազությունը պետք է թույլ չտա, որ լինի ինքնադատաստան»։

Համակարգում խնդիրները շատ են։ Պատճառները ոչ արդյունավետ լուծումներն են, ոչ ճիշտ մեխանիզմները.

«Գործընթացների և ոչ թե արդյունքների վրա  կենտրոնացվածություն։ Մենք ունենք անթիվ-անհամար քննչական ու դատավարական գործողություններ, ֆորմալ առումով ճիշտ, բովանդակային առումով, մեղմ ասած,  ոչ լիարժեք։  Արդյունքում՝ ունենում ենք ծանրացրած վարույթներ, փոքր քանակի լուծված գործեր։ Դա անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ մարդում մոտ սկսում է ձևավորվել անարդարության զգացում։ Այս առումով իմ ուշադրության կենտրոնում գտնվող թիվ մեկ խնդիրը  ուշացած արդարադատությունն է»։ 

Գլխավոր դատախազի թեկնածուի համար խնդիր է նաև, երբ քննիչն ու դատախազն իրար հետ չեն խոսում։ Ըստ նրա՝ սա բերում է երկար փաստաթղթաբանության՝ խոցելի վիճակում թողնելով տուժողին։ Տուժողը ստիպված է լինում երկու գերատեսչությունների թղթաբանության մեջ անընդհատ փնտրել իր հարցերի պատասխանը, գտնել փաստաբան, վճարել փաստաբանին ու հայտնվում է տեղապտույտի մեջ, մինչև կհոգնի  կամ  լավագույն դեպքում կհասնի ՄԻԵԴ։ Վարդապետյանի համար շատ կարևոր է բացառել նաև հովանավորչությունը, ինչը ևս կոռուպցիայի դրսևորումներից է։

Գործեր վերանայվելու են, մեղավոր դատախազները պատժվելու են

Գլխավոր դատախազի թեկնածուի ելույթից մտահոգված պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչ կոնկրետ քայլեր են արվելու այդ խնդիրների լուծման ուղղությամբ.

«Ինչ եք դուք պատրաստվում անել, երբ սեպտեմբերից գնաք դատախազություն, և ինչ ենք մենք անելու դատախազությունում՝ ձեր նշած խնդիերներից խուսափելու համար»։

Հարցին  Աննա Վարդապետյանը պատասխանեց կոնկրետ օրինակով։ Իսկ օրինակը 14 տարվա վաղեմության դեպքերին են վերաբերում․ քրեական գործեր, որոնց ապացույցների մեծ մասն արդեն գոյություն չունի.

«2008 թվականից ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերով 8 գործերից 4-ն արդեն լիարժեք ուսումնասիրված են: Այս մարդիկ, որոնք տարիներ շարունակ բողոքում են նախաքննությունից, ասում են, որ անարդար է եղել․ իրավաբանական հիմքեր կա՞ն ասածի մեջ, թե՞ արդարության պակասի էմոցիոնալ ընկալումն է։ Ես շատ կանխակալ համոզմունք ունեմ, որ քրեական գործի մեջ կարող են շատ բացթողումներ լինել։ Մեր ուսումնասիրության արդյունքում բոլոր գործերը վերադարձել են ակտիվ նախաքննություն։ Մենք ունեցանք մեխանիզմ, որը գործեց»։

Ավելի ուշ, այս թեմայի շուրջ արդեն  պատգամավոր Լենա Նազարյանի հարցին պատասխանելով՝ Աննա Վարդապետյանն ասաց, որ «սեւազգեստ մայրերի» առանձին գործերով  առանձին քննչական խմբեր ստեղծելու կարիք չկա։  Յուրաքանչյուր գործում, ըստ բանախոսի, նախաքննության մարմնի փոփոխությունն էլ բավարար է։ Հստակեցրեց՝ խոսքը ոչ թե ցանկալի հայացքի մասին է, այլ՝ նոր։

Չձախողելը՝ մասնագիտական արժանապատվության հարց

Գլխավոր դատախազի թեկնածուն կարծում է, որ քրեական ենթամշակույթն արդարադատության ստվերն է։ Դրա դեմ պայքարելու համար կարևորում է ուժեղ, արագ արձագանքող արդարադատության համակարգ ունենալը։ Իսկ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո արդյո՞ք պատրաստվում է հանրային հնչեղություն ունեցող գործերի հիմքերն ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում վերանայել դրանք  եւ այդ գործընթացի արդյունքները տվյալ դատախազի համար իրավական հետեւանքներ կունենա՞ն, թե՞ ոչ․ ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանն ասաց, որ հանրային հնչեղություն ունեցող գործերի պակաս չունենք, և ցանկացած պաշտոն, դատախազի պաշտոնն այդ թվում, ենթադրում է կարմիր գծեր․ եթե օրինականության խախտումներ արձանագրվեն, դրանք անհետեւանք չեն մնալու՝ վստահեցրեց Վարդապետյանը.

«Ես չեմ գնում պաշտոնը զբաղեցնելու, ես երկար եմ մտածել այս հարցի շուրջ ու ինձ հեշտ չի տրվել այս որոշումը ։  Ինձ համար նաև մասնագիտական արժանապատվության հարց է։ Ձախողումը նշանակում է ամբողջ կենսագրության ձախողում։ Ես խոստումներ չեմ տալիս կյանքում։ Թույլ տվեք այս անգամ էլ չտալ։ Իմ փոխարեն միշտ խոսում է իմ արած աշխատանքն ու կենսագրությունը։ Հույս ունեմ՝ այս իրավիճակում ևս նույնը կլինի»։

Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ՝ շատ լավ անձնավորություն եք

Ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև համարձակ։ Բնորոշումը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎարդանյանՎլադիմիր Վարդանյանինն է։ Վստահ է՝ Վարդապետյանի  ընտրությամբ դատախազությունը միայն կշահի։

«Առաջ ընկնելով և անդրադառնալով մամուլում մինչ այս և այսօրվանից ի վեր տարածվող քննարկումներին, պետք է ասեմ՝ հիշատակելով Բեռնարդ Շոուի հայտնի արտահայտությունը. «Տիկին Վարդապետյա՛ն, Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ, որ դուք շատ լավ անձնավորություն եք»:

Գլխավոր դատախազին Ազգային ժողովն ընտրում է վեց տարի ժամկետով: Գործող դատախազ Արթուր Դավթյանի լիազորություններն ավարտվում են սեպտեմբերի 16-ին։ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում տրված երդմամբ պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն