Հուլիսի 10-18-ը Երևանում. անցկացվելու է «Կենսաբանության» միջազգային 33-րդ օլիմպիադան: Հայաստան են ժամանելու 64 երկրի աշակերտական, 3 երկրի միջազգային ժյուրիի պատվիրակություններ: Հայաստանից օլիմպիադային մասնակցելու է 4 աշակերտ՝ 3–ը Հերացու անվան ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորից։

3 տարի առաջ՝ 2019 թվականին, կենսաբանության միջազգային օլիմպիադային Հայաստանը վերադարձավ մեդալով։ Մեր հանրապետությունը ներկայացնող 4 աշակերտներից մեկը՝ 17–ամյա Արեն Պետրոսյանը, դարձավ բրոնզե մեդալակիր։ Դպրոցական տարիներին կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության օլիմպիադաների մշտական մասնակիցներից էր։ Գրեթե բոլորում մրցանակներ էր ստանում։ 12–րդ դասարանում կենսաբանության հանրապետական օլիմպիադան նոր հնարավորություններ բացեց միջազգային մակարդակով գիտելիքները փորձելու համար․

«12–րդ դասարանում մասնակցեցի  կենսաբանության հանրապետական օլիմպիադային։ Երրորդ կարգի դիպլոմ վերցրի ու հնարավորություն ունեցա միջազգային օլիմպիադայի նախընտրական փուլին մասնակցել։ Որոշեցի մասնակցել  ու ընտրվեցի պատվիրակության մեջ, որը պետք է Հայաստանը ներկայացներ Հունգարիայում»։

Թեև ծրագիրը դպրոցականից ավելի բարդ է եղել, բայց Արենին հաջողվել է դասախոսների շնորհիվ կարճ ժամանակում յուրացնել ամբողջ թեման։ Յուրացրեց ու հաջողությամբ վերադարձավ Հայաստան։ Այդ գիտելիքները հետագայում Արենին  օգնեցին ԵՊԲՀ ընդունվելու ու մինչև 3–րդ կուրս գերազանցությամբ սովորելու հարցում․

«Մենք առաջին կուրսում անցնում ենք  այն կենսաբանությունը, որը սովորել է օլիմպիադայի համար։ Դա  ինձ օգնեց  հեշտությամբ հասնել երրորդ կուրս»։ 

Կենսաբանության այս տարվա 33–րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Որոշումը կայացվել է Թեհրանում անցկացված մրցույթի ժամանակ։ 4–ական մասնակից՝ 64 երկրից, մեկական դիտորդական խումբ՝ երեք երկրից․ ընդհանուր առմամբ Հայաստան կժամանի 500 մասնակից։

Կենսաբանության միջազգային օլիմպիադային Հայաստանը մասնակցում է դեռ 2009 թվականից։ Առաջին մեդալը՝ բրոնզե, Հայաստանը շահել է 2012 թվականին։ Ոսկե մեդալակիր դեռ չունենք, բայց ունենալու ակնկալիքները մեծ են՝ ասում է ԵՊՀ «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը․

«Շատ մեծ իրադարձություն է, որ օլիմպիադան մեր երկրում է իրականացվելու։ Դա իսկապես կխթանի կենսաբանության զարգացումը, կենսաբանության դասավանդման զարգացումը։ Այնպես որ,  մենք շատ մեծ ակնկալիքներ ունենք»։ 

Միջազգային օլիմպիադաների մասնակիցներն այսօր իրենց գիտելիքներով փայլում են նաև արտերկրի բուհերում՝ ասում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։ Կենսաբանությունը Հայաստանում ապագա ունեցող գիտություն է․

«Կարծում եմ, որ այս ոլորտը, այս ուղղությունը Հայաստանում նաև համավարակով պայմանավորված է զարգանում։ Նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ այս առումով պետք է ավելի մեծ  աշխատանք տանել և շեշտադրումներ անել բժշկության ոլորտում։ Կենսաբանները նաև ապագա բժիշկներ են»։

Այս տարվա մասնակիցների խումբը ևս ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով։ Երեք մասնակից Հերացու ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորից։ Օլիմպիադան բաղկացացած է երկու փուլից՝ գործնական ու տեսական առաջադրանքներից։ Արդյունքները կամփոփվեն հուլիսի 14–ից հետո։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն