Անկախ նրանից՝ ընդդիմադիր պատգամավորները կզրկվեն, թե չեն զրկվի մանդատներից, սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը կարծում է, որ վաղ, թե ուշ կառաջանա խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջ։ Ըստ իրավաբանի՝ քաղաքական ճգնաժամ արդեն առկա է, որը, սակայն, իրավական խնդիրներ խորհրդարանում առայժմ  չի առաջացնի։ 

Իրավիճակը, սակայն, ցանկալի չէ արտաքին քաղաքականության համար բարդագույն փուլում։ Ըստ նրա՝ խորհրդարանական ուժերը պետք է «քաղաքական զինադադար» կնքեն հանուն ազգային շահերի։ Չի բացառում, որ կտրուկ գործողություններից առաջ ոչ հրապարակայնորեն այդպիսի փորձ արվել է։ 

Գործող կարգի համաձայն պատգամավորներին մանդատից զրկելու վերջնական որոշումը կայացնելու է ՍԴ–ն։ Դրա համար մոտավորապես 1 ամիս։ Ինչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորները զրկվեն, իսկ մյուսները հրաժարվեն մանդատները վերցնելուց՝  «Ռադիոլուր»–ի հարցին սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը նշել է․

«Եթե մենք ուզում ենք ունենալ լիարժեք գործող խորհրդարան, քաղաքական իմաստով, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի խորհրդարանում լինի գործունակ ընդդիմություն։ Այս առումով մենք կունենանք որոշակիորեն «սողացող քաղաքական ճգնաժամ, որը իրավական հետևանքներ չի ունենա, բայց խորհրդարանի գործունեությունը թերի կդարձնի։ Միակուսակցական խորհրդարանը, իհարկե, նեգատիվ երևույթ է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն