Այսօր վարդավառ է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 24-ին, նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։ Վարդավառը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո:
Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և հայերի ամենասիրելի տոնն է եղել: Մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը, ուր գետերի, աղբյուրների ակունքներն են: Հենց ջրի ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել:
Վարդավառը ջրի տոն է, և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյն Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց: