Գիտնականները կրկին ապացուցել են, որ աղի չարաշահումը մահացու վտանգավոր է
Ամերիկացի գիտնականները նկարագրել են աղի երկարաժամկետ վնասը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հետազոտությունն իրականացվել է Թուլեյնի համալսարանի (ԱՄՆ) մասնագետների կողմից։ Գիտական աշխատանքի ընթացքում պարզվել է, որ սննդի մեջ աղի հաճախակի ավելացումը նվազեցնում է կյանքի տևողությունը տղամարդկանց մոտ ավելի քան երկու տարով, իսկ կանանց մոտ՝ մեկուկես տարով։ Գիտնականները խորհուրդ են տվել սահմանափակել աղի ընդունումը։
Գիտական հետազոտության շրջանակում բժիշկները հենվել են 50 հազար հիվանդների ուսումնասիրության վրա, նրանց տվյալները վերցվել են Մեծ Բրիտանիայի Biobank-ից։ Հետազոտության մասնակիցներին հետևել են ինը տարի: Մասնագետները հարցաթերթիկի միջոցով պարզել են, թե արդյոք հիվանդները սննդի մեջ աղ են ավելացնում և որքան հաճախ են դա անում։ Պարզվել է, որ աղի և աղի մթերքների սիրահարների մոտ վաղաժամ մահվան վտանգը 28 տոկոսով ավելի է։ Գիտնականները հաշվի են առել այլ գործոններ՝ սեռ, էթնիկ պատկանելություն, մարմնի զանգվածի ինդեքս, քրոնիկական հիվանդություններ։
Մեկնաբանելով աշխատանքի արդյունքները՝ Գյոթեբորգի համալսարանի (Շվեդիա) ավագ գիտաշխատող Աննիկա Ռոզենգրենը նշել է, որ աղը չի կարելի ամբողջությամբ բացառել սննդակարգից։ Այնուամենայնիվ, բավականին դժվար է ճշգրիտ որոշել այս ապրանքի սպառման «ոսկե միջինը» յուրաքանչյուր անձի համար: