Ռազմական դրություն չի հայտարարվի, բայց կամավորները կկարողանան ներգրավվել հայրենիքի պաշտպանության գործում։

Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։

«Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարության հարցը և որոշել ենք, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։ Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին, կամավորության հիմքով կարող են դիմել զինկոմիսարիատներ զինվորագրվել և ընդգրկվել ծառայության մեջ»,- հայտնել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն