Մինչև հաջորդ տարվա երկրորդ եռամսյակը տրանսպորտային խնդիրները մայրաքաղաքում զգալիորեն կպակասեն։ Երևանի  ագանու նիստում այսպիսի համոզմունք է հայտնել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Լավատեսության առիթը նոր ավտոբուսներն են, որոնք առաջիկայում 90 տոկոսով կհամալրեն Երևանի տրանսպորտային պարկը։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանն ասել է, որ ցանցը համալրվելու է 165 հատ 8.5 և 12 մետրանոց ավտոբուսներով ու 30 տրոլեյբուսներով։ Ավագանին այսօր քննարկել է նաև  փողոցների անվտանգ կահավորման ու կայանման խնդիրները։



Գարեգին Նժդեհի փողոցում թիվ 12 դպրոցի դիմաց տեղակայված հետիոտնային անցումը կարգավորվող դարձնել  ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  դեռ նախորդ ամսվա վերջին էր առաջարկել։ Պատասխանը սակայն, մեղմ ասած, չի գոհացրել ավագանու անդամին։ Խաժակյանը ևս մեկ անգամ հիշեցրեց իր առաջարկը՝ պնդելով, որ այդ անցումը վտանգավոր է։

«Եթե դուք պնդում եք, որ այդ անցումն անվտանգ է, այդպես էլ ասեք։ Հակառակ դեպքում ձեր պատասխանը, թե մի քանի մետր ներքև կամ մի քանի մետր վերև ավելի անվտանգ անցումներ կան, ներողություն,  բայց  իմ հարցի պատասխանը չէ։ Եթե դա անվտանգ չէ, եկեք ընդհանրապես այդ անցումը վերացնենք»։

Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը ընդունում է, որ այդ հետիոտնային անցումը իսկապես անվտանգ չէ, բայց նաև վստահ չէ, որ կարգավորվող հետիոտնային անցումները լիարժեք անվտանգ են։ Ուստի նա աշակերտներին հորդորեց օգտվել 200 մետր հեռավորությամբ գտնվող այլ անցումներից։     



«Այս պահի դրությամբ ՃՈ հետ քննարկում ենք, որ դպրոցի  դիմացի անցումն ուղղակի ապամոնտաժվի, այլևս այդտեղ անցում չլինի։Երեխաները կօգտվեն ստորգետնյա կամ կարգավորվող խաչմերուկներում տեղակայված ավելի անվտանք անցումներից»։

Փողոցների կահավորման խնդիրը շարունակում է մնալ արդիական։  Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովին հետաքրքրում է, թե երբ է վերջապես լուծվելու մայթեզրերին տեղադրված տարատեսակ կանգնակների հարցը, որոնք ոչ միայն անօրինական են, այլև մեծ անհարմարություն են առաջացնում վարորդների համար։

«Պարոն Սարգսյան, ես հասկանում եմ, որ ոստիկանության գործառույթները շատ են։ Հարցս հետևյալ կոնտեկստում է․քաղաքն ունի՞ տեր, թե՞ ոչ։ Մենք պետք է աշխատացնենք ոստիկանությանը, թե պարզապես ասենք ոստիկանության գործառույթն է ու մի կողմ կանգնենք»։

Հաշվի առնելով, որ քաղաքացիներին շատ են հուզում տրանսպորտային խնդիրները, Երևանի նորընտիր փոխքաղաքապետն էլ հետաքրքրվեց, թե որ փուլում են նոր ավտոբուսների ներմուծման, միասնական համակարգի ներդրման և տրանսպորտային ցանցի կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց դրանց ընթացքից։

«Մինչև տարեվերջ մենք Երևանում կունենանք  ևս 165 հատ  8.5 մետրանոց ավտոբուսներ և 30 հատ տրոլեյբուսներ։ Մինչև մյուս տարվա առաջաին եռամսյակի ավարտը կունենանք  87 հատ 12 մետրանոց երկար ավտոբուսներ, որոնք արդեն գրեթե 90 տոկոսով կհամալրեն մեր ցանցը։ Այս պահի դրությամբ, այո, խնդիր ունեինք ավտոբուսների սպասարման տեխնիկական մասերի հետ կապված։ Հիմա էլ մասերը արդեն երևանում են, մաքսատան հետ կապված խնդիր կա։  Հուսանք այդ ամեն ինչն առաջիկայում կլուծվի և տեխնիկապես այն ավտոբուսները, որոնք չէին շահագործվում, կրկին կշահագործվեն»։

Միասնական տոմսային համակարգում ներառված է նաև մետրոպոլիտենը։  Չի բացառվում, որ հետագայում այս միասնական համակարգին միանան նաև օդանավակայան տանող երթուղիները, Երևան մտնող միջքաղաքային  տրանսպորտը։

Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյան.

«Տոմսային տեսակները նախատեսված է թե մեկանգամյա տոմսերի համար, թե  ժամային տոմսերի։ Ժամային տոմսը աշխատելու է մեկ անգամ վճարում, անկախ տեղափոխումներից։ Այսինքն մեկ ժամվա համար  ձեռք բերված տոմսը կաշխատի թե մետրոյում, թե վերգետնյա շարժակազմերում։ Հետագայում համակարգը եկամուտը կբաշխի վերլուծության արդյունքներով»։

Ըստ Սարգիս Մանուկյանի՝ համակարգը ճկուն է, թույլ է տալու Երևանում աշխատող ցանկացած շարժակազմ ներառել ծրագրում։ Նախագիծը ծավալուն է և մոտ մեկ տարի կպահանջվի դրա ամբողջական ներդրման համար։

Ըստ քաղաքապետարանի հայտարարած մրցույթի՝ ներդրումն ամբողջությամբ մասնավորի  կողմից պետք է լինի։

Տրանսպորտային վճարումների միասնական համակարգը Երևանում պետք է ներդրվերդեռ այս տարվա հուլիսին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն