Հայտարարվել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի առաջնահերթությունները
Առաջնահերթություններից մեկը կլինի բեռնատարների տեղաշարժի դյուրացումը և սահմանին ու մաքսակետում անցկացված ժամանակի կրճատումը, հայտարարել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը:
«Մեհր» լրատվական գործակալությանը հղում անելով՝ parstoday-ն հայտնում է, որ Աբեդին Վարամինն այսօր Արևելյան Ատրպատականի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանում առկա կարողություններին և հայտարարել, որ Արևելյան Ատրպատականն առաջնահերթություն ունի այս հյուպատոսարանի հնարավորություններից օգտվելու հարցում:
Նա հավելել է. «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում պաշտոնապես կսկսեմ իմ աշխատանքը, և իմ առաջնահերթություններից մեկը կլինի բեռնատարների տեղաշարժի դյուրացումը և սահմանին ու մաքսակետում կանգառների ժամանակի կրճատումը»։
Նշելով, որ հյուպատոսության առաքելությունն է դյուրացնել գործերը և վերացնել առևտրային խոչընդոտները, Աբեդին Վարամինն ասել է.«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հյուպատոսության գործողությունների մասին հաշվետվություն կներկայացնեմ մարզպետին»։
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն առաջարկել է տնտեսական բարգավաճման և առևտրափոխանակումների ավելացման համար ցուցահանդես կազմակերպել Կապանում՝ Արևելյան Ատրպատական նահանգի արտադրողների մասնակցությամբ։



















