Ջերմուկում զբոսաշրջային կյանքն աստիճանաբար վերականգնվում է
Զբոսաշրջությունը Ջերմուկի ամենադինամիկ զարգացող ոլորտն էր։ Քաղաքում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերություններում՝ հյուրանոցներում, առողջարաններում, մոտավորապես 500-600 մարդ է աշխատում, որը կազմում է քաղաքի բնակչության շուրջ 70%-ը։ Այս տարվա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Ջերմուկի ենթակառուցվածքները թիրախավորելու, վնասելու արդյունքում զբոսաշրջությանը զգալի հարված հասցվեց։
Radar Armenia-ի հետ զրույցում Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանն ասաց, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով 3 հյուրանոց և հյուրատուն է վնասվել, ինչպես նաև՝ ճոպանուղին։
Ավետիսյանի ներկայացմամբ՝ այս պահին ոչ բոլորն են անցել բնականոն աշխատանքի։ «Հիմնականում մեծ առողջարան-հյուրանոցներն են աշխատում, որտեղ կան ինչպես հայ, այնպես էլ օտարազգի տուրիստներ։ Կան հյուրանոցներ, որոնք ունեցել են այս սեզոնի համար ամրագրումներ, սակայն մարդիկ չեղարկել են դրանք, որի պատճառով էլ այս պահին գործ չունեն, թեև եթե հանգստացողներ լինեն, բնականաբար, ցանկացած պահի կաշխատեն»,- վստահեցրեց Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ հյուրանոցների տնօրենների հետ հանդիպում-քննարկման արդյունքում պարզվում է, որ հյուրերի թիվը համեմատաբար քիչ է, թեև հյուրանոցերն ամեն պահի պատրաստ են հյուրընկալելու մարդկանց:
Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի՝ «Վիզիթ Ջերմուկ» զբոսաշրջային տեղեկատվական հարթակի հիմնադիր Նարեկ Միրզոյանը, սակայն, պնդում է, որ Ջերմուկի բոլոր հյուրանոցներն աշխատում են ու ունեն հյուրեր։ «Հյուրանոցներում գործում են աշնանային զեղչեր։ 3 խոշոր հյուրանոց հայտարարել է ամանորյա նախավաճառքի մասին։ Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսել են իրենց աշխատանքները ու բնականոն հունով ընդունում ու սպասարկում են քաղաք եկող հյուրերին և զբոսաշրջիկներին։ Հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները մարկետինգային ակտիվ արշավներ են իրականացնում»,-նկատեց Միրզոյանը։
Նրա դիտարկմամբ՝ հիմա, երբ գրեթե մեկամսյա դադարից հետո քաղաքի ենթակառուցվածքները վերադառնում են իրենց բնականոն աշխատանքային հունին, տարբեր ոլորտներում աշխատանքներ ծավալող ընկերությունները պետք է զգան, որ մենակ չեն, որ պետությունը դժվարին պահին իրենց կողքին է:



















