Հունական Կորինթոսը չի համագործակցի Շուշիի հետ․ քաղաքապետը որոշումը բացատրել է հայերի հանդեպ տածած հարգանքով
Հունական Կորինթոսի քաղաքապետ Վասիլոս Նանոպուլոսը հայտարարել է, որ իր քաղաքն այլևս չի համագործակցելու Շուշիի հետ։ Այդ որոշումը նա բացատրել է հայերի հանդեպ տածած հարգանքով։
«Միանշանակ չեմ պատրաստվում ստորագրել կամ նույնիսկ քննարկել Կորինթոսի քաղաքային խորհրդում Շուշիի հետ համագործակցության համաձայնագիրը։ Երկու տարի առաջ Շուշին դադարել է կառավարվել հայերի կողմից։ Ես չեղարկելու եմ Շուշի քաղաքի հետ համագործակցելու պայմանագիրը։ Հայերի և հույների բարեկամության ու փոխհամաձայնության կապերն անսասան են և ես պահպանում եմ լավագույն զգացմունքներս եղբայրական հայ ժողովրդի հանդեպ», — նշված է Կորինթոսի քաղաքապետի` Հունաստանի հայկական ազգային կոմիտեի անդամներին ուղղված նամակում։
Կորինթոսի քաղաքապետի նման պարզաբանման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ վերջերս Հարավային Կորեայում կայացած պատմական քաղաքների կոնֆերանսում Կորինթոսի հատուկ ներկայացուցիչ Գեորգիոս Բագակիսը ի թիվս բազում այլ քաղաքների համագործակցության մտադրության համաձայնագիր է ստորագրել նաև Արցախի օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանցի ներկայացուցիչների հետ։



















