Վճռական եմ նպաստելու Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև օրեցօր զարգացող հարաբերությունների խորացմանը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ:
ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է.
«Ձերդ վսեմություն,
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների անկախության 51-երորդ տարեդարձի կապակցությամբ:
Անցած հինգ տասնամյակները նշանավորվում են Ձեր երկրի և ժողովրդի տքնաջան աշխատանքով, ինչը հնարավոր դարձրեց Միացյալ Էմիրությունների տպավորիչ ձեռքբերումներն ու առաջընթացը: Բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը՝ ուղղված աշխարհում խաղաղ համակեցության պահպանմանը և կայուն զարգացման մթնոլորտ ստեղծելուն:
Խորապես արժևորում եմ Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև առկա բարեկամական, օրեցօր զարգացող հարաբերությունները և վճռական եմ նպաստելու դրանց էլ ավելի խորացմանը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և զարգացում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:



















