Հայկ Գրիգորյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ
75 կողմ ձայնով Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Հայկ Մկրտիչի Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում Հայկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով վստահության եւ դրական խոսքերի համար, երդվել է. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջեւ երդվում եմ իմ պարտականությունները կատարել ՀՀ սահմանադրության եւ օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատավորների եւ դատարանների անկախությունը»:
Խորհրդարանը նախօրեին քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Մկրտիչի Գրիգորյանի թեկնածությունը:
Հայկ Գրիգորյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է, շուրջ 47 գիտական հոդվածների եւ 3 մենագրությունների հեղինակ, որոնք վերաբերում են քրեական եւ միջազգային իրավունքի, քրեական դատավարության եւ քրեագիտության հիմնահարցերին:
Հայկ Գրիգորյանն անդրադարձել է իրականացված դատաիրավական բարեփոխումներին, որոնք նրա գնահատմամբ բարերար ազդեցություն են ունեցել ԲԴԽ գործունեության իրականացման վրա: Նա, մասնավորապես, նշել է, որ իրավական ակտերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ սահմանադրաիրավական կարգավորումների եւ վերջին տարիներին իրականացված դատաիրավական բարեփոխումների շնորհիվ Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական նպատակն իրացնելու համար օժտվել է անհրաժեշտ եւ բավարար իրավական գործիքակազմով:
Հայկ Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականություններն իրականացնել իրավունքի եւ օրենքի գերակայության սկզբունքների հիման վրա: Նա նկատել է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության՝ դատական իշխանության գործերին թե՛ ներքին, թե՛ արտաքին միջամտությունն արգելվում է:
Հայկ Գրիգորյանը 2018-2021 թթ ղեկավարել է ՀՀ քննչական կոմիտեն։



















