«Մանկական եվրատեսիլ 2022»․ Ֆրանսիայի ներկայացուցիչն ուզում է հայկական լավաշ տանել իր հետ
«Մանկական եվրատեսիլ 2022»-ի մասնակիցները մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել են լրագրողների հարցերին, ներկայացրել իրենց տպավորությունները հյուրընկալող երկրի՝ Հայաստանի, սպասվող շոուի մասին, խոսել իրենց երազանքների ու ապագա անելիքների մասին։

Հարցին, թե ինչ կցանկանան նրանք Հայաստանից իրենց հետ տանել, Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն, անկեղծորեն խոստովանել է, որ հնարավորության դեպքում իր հետ լավաշ կտաներ։
«Ես ինձ հետ կտանեի լավաշ, քանի որ այն շատ յուրահատուկ է»,- ասել է Լիսանդրոն, ապա հավելել, որ կուզենար նաև իր հետ հաղթանակը տանել։
Հաղորդավար Համլետ Առաքելյանն էլ հուշել է, որ այդ հարցով կարող է դիմել Ֆրանսիայում ապրող հայերին, և նրանք կպատրաստեն լավաշն իր համար։
Լրագրողի հարցին, թե որ լեզվով կցանկանային երգել, Իսպանիայի ներկայացուցիչ Կարլոս Հիգեսն ասել է, որ կուզենար երգել հայերենով։

«Կուզենայի երգել հայերենով, ես հավանում եմ Հայաստանը, կընտրեի նաև ֆրանսերենը, քանի որ ռոմանտիկ լեզու է»,- նշեց Կարլոսը։
Այս տարի Հայաստանում մեկ հարկի տակ են համախմբվելու 16 երկրի ներկայացուցիչ։ Շոուները տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Եզրափակիչը դեկտեմբերի 11-ին է։
Առաջին համարի ներքո ելույթ կունենա Նիդեռլանդների ներկայացուցիչը, մրցույթը կեզրափակի Ուկրաինան։ Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանն իր «Dance» երգով հանդես կգա 15 համարի ներքո։
Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ-2021»–ում։ Մրցույթն ընթացել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մալենան կատարել էր «Քամի–քամի» երգը։



















