Կիրակի գիշերը լիբանանյան բանակի զորքերը դադարեցրել են փողոցային բախումները Բեյրութի քրիստոնեական թաղամասում, որոնք հրահրվել են ֆուտբոլասերների կողմից Պորտուգալիայի նկատմամբ Մարոկկոյի հավաքականի հաղթանակից հետո։ An-Nashra լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Մարոկկոյի, Պաղեստինի և Սիրիայի դրոշներով երկրպագուների մի մեծ խումբ մոտոցիկլետներով գնացել է Սասին հրապարակ, որտեղ տոնածառ է տեղադրված՝ նշելու Մարոկկոյի հավաքականի հաջողությունը։

Հրապարակում հերթապահող քրիստոնեական կուսակցությունների ակտիվիստները ֆուտբոլասերների հայտնվելը թշնամաբար են ընդունել, ինչի արդյունքում սկսվել են ծեծկռտուքներ։ Երկրպագուներերից մի քանիսը զինված են եղել և սկսել են օդ կրակել, ինչն էլ ավելի է սրել իրավիճակը։ Իրադարձություններին օպերատիվ միջամտել են բանակի պարեկները և բերման ենթարկել ծեծկռտուքը հրահրողներին։

Շաբաթ օրը մարոկացիները 1/4 եզրափակիչ խաղում հաղթել են Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով։ Մարոկկոյի հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած աֆրիկյան առաջին թիմն է։ Դեկտեմբերի 14-ին կայանալիք կիսաեզրափակիչում Մարոկկոն կխաղա Ֆրանսիայի հետ, որը 2:1 հաշվով հաղթել է Անգլիային:

Պորտալի հարցման համաձայն՝ լիբանանցիների մեծամասնությունը ավանդաբար նախընտրում է Բրազիլիայի հավաքականը՝ մի երկիր, որտեղ 20-րդ դարի սկզբից ապրում է Լիբանանից ներգաղթյալների մեծ գաղութ։ Երկրպագուների համակրանքի ցանկում են նաև Արգենտինայի, Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն