Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողները պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեցին ադրբեջանական կողմի՝ Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր այցելելու մտադրության մասին:

«Ադրբեջանի իշխանությունները իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ՝ դրանցով լարվածություն ստեղծելով Արցախում: Բնականաբար, ակնկալիքն այն է, որ լարվածությունը տեղափոխվի նաև Հայաստան: Կարծում եմ, որ պետք է լինեն սառնասիրտ: Իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը՝ անվտանգ կյանք մեր Արցախի հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգային տարածքում»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էին Արցախի տեղեկատվական շտաբից, այցը թույլատրվել էր ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, բայց այն համաձայնեցված չի եղել Արցախի իշխանության հետ։

«Վերջին հաշվով խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ: Հենց խաղաղապահ ուժերն ունեն խաղաղապահ առաքելություն՝ նման լարվածությունները չեզոքացնելու համար»,- ասաց Քոչարյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն