Հայաստանում կանանց տնտեսական զորացման հարթակ է ստեղծվում։ Ծրագրի շրջանակում աշխատաշուկայից դուրս մնացած կանանց թվային մարքեթինգի ոլորտում նոր հմտություններ և արժանապատիվ աշխատանքի հեռանկար ունենալու հնարավորություն է տրվում: Ըստ այդմ՝ ծրագրի շահառու կարող են լինել մարզերում բնակվող այն կանայք, որոնք կբավարարեն հետևյալ չափորոշիչներից որևէ մեկին՝ ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում, գործազուրկ են, ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման, հաշմանդամ երեխայի կարգավիճակ կամ հաշմանադմություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են, երեք և ավելի երեխա ունեցող մայր են: Այս պահին ծրագիրը մասնակիցների հավաքագրման փուլում է․ առաջին փուլն անվճար է սահմանված չափանիշներին բավարարող բոլոր կանանց համար, իսկ երկրորդ փուլն անվճար կլինի միայն առավելագույն միավորներ ստացած 250 մասնակցի համար:

Հայաստանի տնտեսական կյանքում կանանց մասնակցությունն ավելի ցածր է, քան տղամարդկանցը։ Կանանց շուրջ 45 տոկոսը գործազուրկ է և աշխատանք չի էլ փնտրում ։ Պատճառները տարբեր են։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, սակայն, հնարավոր է ոչ միայն տնից աշխատել, այլև արժանապատիվ վարձատրություն ստանալ։ Դեռ նախորդ տարվանից էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ–ի զարգացման ծրագրի գործընկերների հետ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակ է ստեղծել։ Այն հնարավորություն կտա խթանել կանանց ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանն ասում է, որ ծրագիրը աշխատանք չունեցող այն կանանց համար է, որոնք ցանկանում են աշխատել թվային մարքեթինգի ոլորտում և արժանապատիվ վարձատրություն ստանալ։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթ հեռախոս` ինտերնետի հնարավորությամբ, համակարգչի հասանելիություն, բազային թվային գրագիտություն, այդ թվում` սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանանց զգալի մի հատված ներառված է գյուղատնտեսությունում, առողջապահությունում կամ կրթության ոլորտներում, հստակ ռիսկ կար, որ այլ մասնագիտություն չսովորելու պարագայում մենք ունենալու ենք գործազրկության ավելի մեծ տոկոս։ Նաև սա էր պատճառը, որ մենք ընտրել ենք այնպիսի մասնագիտություն, որը հատկապես գյուղաբնակ ու մարզաբնակ կանանց համար է, շատ հեշտ կլինի և հեռավար սովորելը  և հետագայում հեռավար աշխատանք գտնելը»։

Ծրագրին կարող են դիմել այն կանայք, որոնք ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում, գործազուրկ են, չեն աշխատել ծրագրին դիմելուց առնվազն 3 ամիս առաջ, կամ ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման, նաև այն կանայք, որոնք հաշմանդամ երեխայի կամ հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են, երեք և ավելի երեխա ունեցող մայր են: 

Սա այն դեպքն է, երբ համատեղվել են պետական գերատեսչությունների, զարգացման գործակալությունների, մասնավոր հատվածի ջանքերը։

ՄԱԶԾ ImpactAim աքսելերատորի ղեկավար Նարեկ Մանուկյանը համոզված է, որ  ծրագիրը չի կարող չհաջողվել.  «Առնվազն 250 մասնակից կկարողանա սովորել թվային մարքեթինգի կարևոր հմտություններ ու տնից աշխատել, համատեղել այդ աշխատանքը իր այլ գործերի հետ։ Սա ամենակարևոր  չափանիշներից մեկն էր, որ նախարարության հետ քննարկում էինք»։

Կարծրատիպերը կոտրելու ժամանակն է, կարծում է «Սովորիր օնլայն» կազմակերպության տնօրենը։ Եթե ունես հմտություններ և կա ցանկություն, աշխատանք գտնելը դժվար չէ, իսկ անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելու համար 4-6 ամիսն էլ բավարար է, համոզված է Հայկ Հովակիմյանը։

«Շատ մարդկանց մոտ տպավորություն կա, որ դժվար է , նոր բան է, չի ստացվի։ Դա ևս կարծրատիպ է։ Այսինքն՝ օնլայն թեստի և պրակտիկ առաջադրանքի  գնահատականների հիման վրա մենք ընտրելու ենք լավագույն 250 աշակերտներին, որոնք կարողանալու են շարունակել։ Եթե դուք 4-6 ամիս մեզ մոտ մնաք, մենք երաշխավորում ենք, որ դուք կկարողանք գումար աշխատել ու աշխատանք կունենաք։ Սկսվելու է 150-200 հազար դրամից, մեկ տարվա ընթցքում կարող է հասնել ավելի մեծ գումարների»։ 

Ծրագիրն առայժմ մասնակիցների հավաքագրման փուլում է։ Առաջին փուլն անվճար է սահմանված չափանիշներին բավարարող բոլոր անձանց համար, իսկ երկրորդ փուլն անվճար կլինի միայն առավելագույն միավորներ ստացած 250 մասնակցի համար: Դասընթացների ավարտին նրանք պրակտիկա անցնելու հնարավորություն կունենան և աջակցություն կունենան աշխատանք գտնելու հարցում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն