ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ: Քննարկման թեման ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է:

Նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ համակարգի ներդրմամբ Կառավարությունը մի շարք նպատակներ է հետապնդում:

«Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգի ձևավորումը և կայացումն է, ինչը, ակնկալվում է, որ հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով Կառավարության կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական և այլ ոլորտային քաղաքականությունների հասցեականությունն ու արդյունավետությունը:

Հաջորդ նպատակը հայտարարագրերի ներկայացման համար սոցիալական շարժառիթներ ստեղծելն է՝ ի դեմս միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող սոցիալական ծախսերի կամ սոցիալական կրեդիտների համակարգի ներդրման»,- ասաց Պողոսյանը:

Նա շեշտեց, որ համակարգը խրախուսելու է կրթական և առողջապահական ծառայությունների ձեռքբերումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն