Արմավիրի Մյասնիկյան բնակավայրում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կիրականացնի էկոհամակարգային 2-րդ մեծ ծրագիրը
Կառավարությունը Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրում 88 հեկտար հողատարածք նվիրաբերեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմադրամին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ժամանակ նշեց, որ նախատեսվում է ծրագիրն ընդլայնել մինչև 120 հեկտար տարածքի վրա, որպեսզի այս բնակավայրում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմադրամն իրականացնի 2-րդ էկոհամակարգային մեծ ծրագիրը Դեբեդից հետո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարածքը նվիրաբերվում է, որովհետև նկատվել է Լոռու մարզի Դեբեդ գյուղում ստեղծված սմարթ կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը տարածաշրջանի համար:
«Այս կենտրոնում կրթական ծրագրերը ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար են, ինչը շատ կարևոր է. մասնագիտական վերապատրաստում է իրականացվում, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում: Կրթության, մասնագիտական կրթության ոլորտում Կառավարությունը շատ մեծ ներդրումներ է անում և պատրաստվում է շարունակաբար անել այդ ներդրումները: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ նման հիմնադրամների աջակցությամբ, ինչպիսին են «Հայաստանի մանուկներ», «Թումո» հիմնադրամները, մենք պետք է համագործակցության բանաձև ստեղծենք, որպեսզի արդյունավետ կերպով ծածկենք ամբողջ հանրապետությունը, դպրոցական, արտադպրոցական կրթության հնարավորությունները հնարավորինս ընդլայնելով, որովհետև դա մեր մարդկային ռեսուրսների զարգացման շատ կարևոր ենթակառուցվածք է, որը մենք պետք է ստեղծենք»,- ասաց Փաշինյանը:



















