Օրենքի՞, թե՞ աղ ու ավազի բացակայություն․ ո՞րն է Դավթաշենի կամրջի ավտովթարի պատճառը
Դեկտեմբերի 20-ի վաղ առավոտյան Դավթաշենի կամրջի վրա շղթայական ավտովթար էր տեղի ունեցել։ Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ վնասվել է 29 տրանսպորտային միջոց, նաև տուժած կա։ Որոշ ժամանակով կամուրջը երկկողմանի փակ է եղել, այնուհետև բացվել է։ Ականատեսների վկայությամբ՝ վթարի պատճառը մերկասառույցն է եղել։ Վթարին նաև Երևանի ավագանու նիստում են անդրադարձել՝ խոստանալով պարզել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել։
Վաղ առավոտից արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երկար խցանումներ էին առաջացել, քանի որ երկկողմանի փակվել էր Դավթաշենի կամուրջը։ Պատճառը շղթայական ավտովթարն էր, միմյանց էին բախվել շուրջ 30 ավտոմեքենաներ։ Կամրջի վրա ու հարակից փողոցներում երթևեկությունն ամբողջովին խաթարվել էր։ Մինչ կպարզվեին ավտովթարի պատճառները, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը ավագանու նիստի ժամանակ պահանջեց պատժել մեղավորներին։ Վթարի պատճառն , ըստ նրա, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցների անգործությունն է եղել, այլ կերպ ասած՝ աղ ու ավազ ցանված չի եղել։
«Քաղաքում ասֆալտը սառույց էր կապել, դրա պատճառով էլ երթևեկությունն այսօր նման վիճակում է։ Ցանկանում եմ, որ պարզեք , և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Չի կարելի ամեն անգամ հիմնարկի անփույթ աշխատանքի պատճառով տուժեն Երևանի բնակիչները»։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը խոստացավ նիստից հետո հանձնարարել պարզել պատճառները։
«Նախ պետք է հասկանալ՝ ինչի պատճառով է տեղի ունեցել, վստահ չենք, որ մերկասառույցն է եղել վթարի պատճառը»։
Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Գևորգյանը նկատեց, որ առհասարակ վերջին օրերին մառախուղի պատճառով ցածր տեսանելիությամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների պակաս չունենք։
Պատճառներից գլխավորը, նրա կարծիքով, այս սեզոնին ամառային դողերով երթևեկելն է։
«Երևանում ունենք ՃՏՊ ահռելի քանակություն։ Դիմում եմ ճանապարհային ոստիկանությանը։ Եթե չեմ սխալվում՝ ձմեռվա ամիսներին ամառային անվադողերով երթևեկելու համար նախատեսվում է տուգանք և մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ։ Ինչու մեր ոստիկանությւոնը խստացված հսկողություն չի իրականացնում կարգազանց վարորդների նկատմամբ»։
Իրականում սեզոնային անվադողերով երթևեկելու կարգավորում ՀՀ օրենսդրությամբ չկա։ Հետևաբար չկա նաև տուգանք օրենքին չենթարկվելու համար։ Հայաստանում այդ մշակույթը թողնված է բացառապես վարորդների խղճի և գիտակցության վրա, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովը։ Փորձագետն ասում է՝ այն, որ որ Դավթաշենի կամրջի վրա շղթայական ավտովթար էր լինելու, վարորդներից շատերը կանխատեսում էին դեռ վերջին մի քանի օրերին։ Տեղումներ չկան, բայց մերկասառույցը միայն տեղումներից չի առաջանում ։ Ասֆալտը սառչում է հատկապես առավոտյան, իսկ եթե դրան էլ գումարվեն մառախուղի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունը և ամառային դողերը, շղթայական վթարը, կարելի է ասել, պարզապես անխուսափելի է․
«Մեր ընկերներից մեկը երեկ ճշգրիտ գուշակել էր, որ խնդիր է առաջանալու ու նույնիսկ վայրն էր ասել»։
Ինչ վերաբերում է ճանապարհներին մերկասառույցի առկայությանը, երթևեկության փորձագետն այստեղ քաղաքային իշխանությունների մեղավորությունը չի տեսնում։ Ասֆալտն է սառել և նման արտակարգ իրավիճակներում անելիք ունեն ճանապարհային երթևեկությունը վերահսկողները, ոչ թե քաղաքապետարանը։
«Սառը ասֆալտի վերաբերյալ կանխատեսում անելը, դա զարգացած երկրներում չէ, որ ասեմ ասֆալտի տակից ջեռուցումը միացնեն։ Ոստիկանի առկայությւոնն արդեն իսկ իրավիճակի որոշակի մեղմում է։ Կարծում եմ, որ պետք է հերթապահություն իրականացվի, լուսարձակներով զգոնություն հաղորդվի վարորդներին։ Ոստիկանությունը պետք է կանխատեսի, թե որտեղ ինչ իրավիճակում ուղեկցում իրականացնի»։
Զրուցակիցս նաև առանձնացնում է սեզոնային անվադեղերով երթևեկելու վերաբերյալ օրենքի բացակայությունը։ Ըստ նրա, եթե Հայաստանում նման օրենք գործեր, շատ վթարներից և դժբախտ պատահարներից այսօր կխուսափեինք։
Բայց ոչ կարգավորող օրենք ունենք, ոչ էլ երթեկությունը վերահսկող ծառայությունն է ապահովում անվտանգ երթևեկը։ Ամբողջ հույսն ու պատասխանատվությունը թողնված է վարորդների գիտակցության վրա։



















