ՄԱԿ–ի գրասենյակի առջև արդեն 7–րդ օրը նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդական, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Բերձորի միջանցքի հարցի քննարկումը ոչ լիարժեք, բայց հաջողություն է համարում։ Ըստ նրա՝ միջազգային հանրությունից նաև առարկայական քայլեր պետք է ակնկալել ու պահանջել, հակառակ դեպքում հայտարարությունները կմնան կոչերի մակարդակում, և Բաքուն կշարունակի իր հանցագործ քաղաքականությունը։

«Պետք է սպասել հնարավոր հայտարարությանը, որի մասին հայտարարեց Ֆրանսիայի ներկայացուցիչը և նախաձեռնեց առաջարկների ներկայացում քննարկում։ Կարծում եմ՝ հայտարարության տեքստի հրապարակումից հետո կարող ենք այս փուլը ամփոփված համարել ու ամբողջական գնահատականներ տալ։ Համոզված եմ, որ Բաքուն կիսատ քայլեր կկատարի, հաշվի առնելով հատկապես վերջին երկու տարվա փորձառությունը։ Իրենք ամեն ինչ անում են ժամանակ ձգելու, կեղծ հիմնավորումներ ներկայացնելու համար, և արդյունքում միջազգային հանրությունը կամ հանրության տարբեր դերակատարներ ուղղակի քաղաքական հայտարարություններ են անում, իսկ Բաքուն տեսնում ու գիտակցում է, որ այդ հայտարարությունները գործնական քայլեր չեն դառնում, ինչը նշանակում է, որ Բաքուն որևէ գին չի վճարում իր հակաիրավական, հանցագործ գործողությունների համար»։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ պայքարը շարունակվելու է։ Իր և նստացույցի մասնակից իր համախոհների պայքարի վերջնանպատակը Արցախի շրջափակման վերացումն է։ Բեգլարյանը խոստանում է ավելի ուշ հայտրարություն անել պայքարի հետագա քայլերի մասին։ Նա չի բացառում,  որ պայքարի մեթոդաբանությունը կարող է փոխվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն