Ավելի քան 260 ժամ Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է։ Բուժհաստատություններում արդեն 12 օր է դադարեցված են պլանային վիրահատությունները։ Բժիշկների համաշխարհային ասոցիացիան Բաքվին կոչ է արել ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով։ ՄԻԵԴ-ն էլ այդ երկրին  պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:Բայց, չնայած, որ հումանիտար ճգնաժամը խորանում է, թշնամու կողմից շրջափակված Արցախում նոր ընտանիքներ են ստեղծվում։ Նախօրեին այստեղ հարսանիք էր։

Ավելի քան 260 ժամ Արցախի հանրապետությունը շրջափակման մեջ է գնվում։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհի արգելափակման 12-րդ օրը պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որ ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացնում էր իրավիճակի մասին, հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից ուղիղ միացումները կլինեն միայն ըստ անհրաժեշտության ու կարևոր ասելիք ունենալու դեպքում․   

«264 ժամ արդեն բլոկադայի մեջ ենք։ Իհարկե ամեն մի ժամը մարդկանց անհանգստությունը ավելացնում է։ Լայվ դուրս գալը ճիշտ է, բայց մյուս կողմից ճիշտ է, որ  մեր օպերատիվ շտաբը տարածի։ Երկուշաբթի օրվանից ես ամեն օր դուրս չեմ գա լայվ, այլ որ ինչ որ խնդիրներ լինեն, կամ լուրջ հայտարարություն արվելու դեպքում»։

Արցախում Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ է ստեղծել, որն ամեն օր ավելի ու ավելի է խորանում։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում արդեն 12 օր է դադարեցված են պլանային վիրահատությունները։  «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», մնում է ծանր։ Փոքրիկը շարունակում է համապատասխան բուժում ստանալ: Հանրապետական բժշկական կենտրոնում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկները անում են  հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար:Մեկ քաղաքացի արդեն մահացել է՝ անհրաժեշտ բժշկական օգնություն չստանալու պատճառով։ Դեղատներում առաջին անհրաժեշտության դեղորայքն սպառվում է, արձանագրում են Արցախի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժների հերոսները․

«Ճնշման որոշ դեղեր չունենք, ցավազրկողներ, ջերմիջեցողներ։ Մանկական կերերի պակաս ունենք»։

Բժիշկների համաշխարհային ասոցիացիան Բաքվին կոչ է անում ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով; Կազմակերպությունը նշում է, որ հումանիտար ճգնաժամը Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի արգելափակման հետևանք է։ Դրա պատճառով ավելի քան 120 հազար մարդ զրկվել է բժշկական օգնությունից:

«Հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չեն կարողանում ստանալ պարենի մատակարարումներ ու բուժօգնություն, հիվանդները տարածաշրջանում չեն կարողանում տեղափոխվել հիվանդանոց Հայաստանի մայրաքաղաք Երևանում», — ասված է հաղորդագրությունում:Ասոցիացիայի խորհրդի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին հայտարարել է․

«Հիվանդները մահվան վտանգի տակ են, քանի որ չեն կարողանում ստանալ իրենց դեղորայքը և հասնել հիվանդանոց: Մենք հորդորում ենք Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով՝ խուսափելու համար այդ վատթարացող հումանիտար ճգնաժամից: Դա կարևորագույն ճանապարհ է կենսական նշանակություն ունեցող պարենի և բժշկական մատակարարումների համար»:

Սակայն Բաքուն չի կատարում անգամ  ՄԻԵԴ-ի պահանջը։ ԵԴ-ը այդ երկրին պարտավորեցրել է  ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող մարդկանց անվտանգ տեղաշարժը: 

Իսկ պարենային ճգնաժամը ավելի ու ավելի նկատելի է  դառնում։ Արցախի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի շարք լայն սպառման ապրանքների գների փոփոխության, դրանց առկայության կամ բացակայության վերաբերյալ ամենօրյա դիտարկումներ է անցկացնում։

«Դեկտեմբերի 22-ի դրությամբ, Ստեփանակերտ քաղաքում դիտարկված մթերային խոշոր խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս, մասնավորապես՝ բրնձի, ոլոռի, ձավարի, ձեթի, տեղական արտադրության կարագի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների, իսկ որոշ ապրանքատեսակներ առևտրային օբյեկտներում գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ալյուր «Բաղրամյան», տեղական արտադրության ձու»: 

Արցախի գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն է աջակցում  սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին՝  տրամադրելով  հնդկաձավար, առավելագույնը 50 կգ։  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանը փաստում է՝ տնտեսավորղները հետաքրքրված են իրենց առաջարկով։ Հնդկաձավարը կարելի է ձեռք բերել կիլոգրամը 610 դրամով: Սաֆարյանի խոսքով՝ տնտեսվարողները հետաքրքրվում են, դիմում են, իրենք էլ պատրաստ են աջակցել: Տեղական արտադրության ապրանքներն էլ այժմ, ըստ անհրաժեշտության, տրամադրվում են արցախցիներին․

«Տնտեսվարողները դիմում են ու տանում են։ Փորձում ենք այլ ապրանքներ էլ առաջարկել։ Օրինակ՝ ոլոռ, հնդկացորեն։ Այժմ հնդկացորենը մաքրում ենք, որ բաժանենք, կտանք նաև սիսեռ»։

Իսկ թշնամու կողմից շրջափակված Արցախում նոր ընտանքիներ են նաև ստեղծվում։ Նախօրեին այստեղ հարսանիք էր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն